Մատչելիության հղումներ

logo-print

Հայիթիում երեքշաբթի օրը տեղի ունեցած երկրաշարժը սարսափելի հետեւանքները աներեւակայելի են, ականատեսների փոխանցմամբ` երկիրը վերածվել է դժոխքի։ Գրեթե ամբողջությամբ ավերված մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում աղետյալները օտարերկրացիների հանդիպելիս երկրի համար օգնություն են խնդրում։

«Մեզ միջազգային օգնություն է պետք, շատ-շատ մարդիկ են զոհվում, հիվանդանոց չկա, հոսանք չկա, սնունդ, հեռախոսակապ, ջուր` ոչինչ չկա, շատ մարդիկ են զոհվում», - «Ռոյթերզ» լրատվական գործակալության թղթակցին ասել է մի անցորդ։

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հոնոլուլուում ասել է, որ այս պահին առաջնահերթը որոնողական-փրկարարական աշխատանքն է։

«Սա ոչ միայն ֆիզիկական աղետ է, սա ահավոր հարված է Հայիթիի ժողովրդին: Բայց տարիների ընթացքում ես տեսել եմ նրանց տոկունությունը, բարդ իրավիճակներում հույսն ու ուրախությունը չկորցնելու կարողությունը: Ես համոզված եմ, որ երբ հաղթահարենք այս մեծ ողբերգության ժամանակաշրջանը, մենք եւ աշխարհում մեր գործընկերները կկարողանանք նորից օգնել Հայիթիի ժողովրդին` ավելի լավ ապագա ապահովելու համար», - ասել է Հիլարի Քլինթոնը։

Տասնյակ երկրներ Հայիթի են ուղարկում փրկարարների եւ բժիշկների խմբեր, մարդասիրական օգնություն, տեխնիկա, հատուկ վարժեցված շներ, ջուր մաքրող սարքավորումներ, վրաններ։ Ի շարս տասնյակ երկրների, չորեքշաբթի տեղի ունեցած աղետալի երկրաշարժից ավերված Հայիթիի ժողովրդին օգնության ձեռք է մեկնում նաեւ Հայաստանը։ Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով, Հայաստանի փրկարարական ծառայության 52-հոգանոց ջոկատը պատրաստվում է մեկնել Հայիթի։

Հինգշաբթի այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության տնօրենի խորհրդական գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը։ Նրա փոխանցմամբ, ջոկատը նախ կմեկնի Մոսկվա, որտեղից Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության օդանավով կմեկնի Հայիթի, եւ կմասնակցի փրկարարական-որոնողական գործողություններին։ Հայ փրկարարները կմեկնեն առնվազն 6-7 օրով։

«Երկրաշարժից, ընդհանրապես, մեծ աղետներից հետո յուրաքանչյուր օրը շատ կարեւոր է։ Որոնողական-փրկարարական գործողությունները արդյունավետ են լինում առաջին 10 օրվա ընթացքում։ Սպիտակի երկրաշարժից հետո որոնումները 17-19 օր շարունակվեցին, բայց փորձը ցույց է տալիս, որ ամենաարդյունավետը առաջին օրերն են», - ասաց Նիկոլայ Գրիգորյանը՝ հավելելով.- «Մի դառը ճշմարտություն էլ կա` մարդիկ ուրախանում են նույնիսկ երբ զոհվածների դիակներն են հայտնաբերում։ Շատ կարեւոր է, որ մարդիկ իրենց հարազատներին հայտնաբերեն` կենդանի, թե մահացած։ Հայիթիի կառավարությունը դիմել էր աշխարհին, մենք որպես այդպիսի աղետ վերապրած երկիր, չէինք կարող անմասն մնալ այդ միջազգային ընդհանուր աջակցությունից»։

Ամերիկացիները աղետի գոտի են ուղարկել ավիակիր նավ, որը տեղ կհասցնի որոնման աշխատանքների համար անհրաժեշտ ուղղաթիռներ, Ռուսաստանը դաշտային հոսպիտալ է ուղարկում։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը հավաստիացրել է, որ միջազգային համայնքը ըստ ամենայնի կաջակցի աղետյալ երկրին։ Հայիթիում ավերվել է ՄԱԿ-ի գրասենյակը, զոհվել է առնվազն 14 աշխատակից։ Առ այս պահը տեղեկություն չկա Հայիթիյում 2004 թվականից տեղակայված ՄԱԿ-ի կայունացման առաքելության 150 խաղաղապահների մասին։

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության մասնագետների փոխանցմամբ, օգնության կարիք ունի Հայիթիի բնակչության մեկ-երրորդը` շուրջ 3 միլիոն մարդ։

Երեքշաբթի երեկոյան Ռիխթերի սանդղակով 7 մագնիտուդի երկրաշարժը Հայիթիի շուրջ 200 տարվա պատմության ընթացքում ամենաահավոր աղետն է։ Ամբողջությամբ ավերվել են մեծ թվով բնակելի տներ, կառավարական շենքեր, դպրոցներ, հիվանդանոցներ։ Երկրաշարժի էպիկենտրոնը մոտ էր մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսին։ Ավերվել է նաեւ նախագահի նստավայրը։

Զոհերի ստույգ թիվը հայտնի չէ։ Հայիթիի նախագահ Ռենե Պրեւալն ասել է, որ խոսքը հազարների մասին է։ Վարչապետ Ժան-Մաքս Բելերիվի կարծիքով, այն կգերազանցի հարյուր հազարը, իսկ սենատոր Յուրի Լատորտը նույնիսկ կես միլիոնի մասին է խոսում։

Հայիթին Արեւմտյան կիսագնդի ամենաաղքատ երկիրն է։ Վերլուծաբանների համոզմամբ, առանց արտասահմանյան օգնության այդ պետությունը պարզապես չի վերապրի։

Բնական աղետի հասցրած վնասներին, ըստ մասնագետների, մոտ ապագայում կարող են գումարվել զանգվածային սովը, խմելու ջրի պակասը, սանիտարա-հիգիենիկ ծանր պայմաններից բխող համաճարակները, բացի այդ, անկայունության եւ քաոսի պայմաններում իրատեսական է դառնում հանցագործությունների, թալանի, դիակապտության եւ ավազակությունների թվի շեշտակի աճը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG