Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրով. «Արհեստական նախապայմաններ առաջ քաշելը սխալ է»


Հայաստան -- Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատասխանում է լրագրողների հարցերին, Երեւան, 14-ը հունվարի, 2010թ.

Հայաստան -- Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատասխանում է լրագրողների հարցերին, Երեւան, 14-ը հունվարի, 2010թ.

Ռուսաստանը որեւէ կապ չի տեսնում հայ-թուրքական հարաբերությունների կայունացման գործընթացի եւ ղարաբաղյան հակամարտության միջեւ, Երեւանում հինգշաբթի օրը հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Փորձել արհեստականորեն իրար կապել այս երկու հարցերը, կարծում եմ, կոռեկտ չէ։ Մենք ընդունում ենք, որ երկու գործընթացներն էլ արժանի են աջակցության, սակայն արհեստական նախապայմաններ առաջ քաշելը սխալ է», - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ մեկուկես ժամ տեւած բանակցությունների ավարտին կայացած ասուլիսում նշեց Սերգեյ Լավրովը։

Երկուշաբթի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երկօրյա այցով ժամանել էր Մոսկվա՝ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հրավերով։ Երկու վարչապետերը երկկողմ հարաբերություններից բացի քննարկել են նաեւ Ղարաբաղյան խնդրի կարգավորումն ու հայ - թուրքական հարաբերությունների բարելավման հարցը:

Այդուհանդերձ, Ռուսաստանի արտգործնախարարը վստահեցրեց, որ իր այցը Երեւան նախօրոք ծրագրված էր եւ որեւէ կերպ կապված չէ Թուրքիայի վարչապետ Էրդողանի Մոսկվա կատարած այցի հետ։ Սերգեյ Լավրովը հավելեց, թե չի կարող ասել, որ Հայաստանի արտգործնարարի հետ մանրամասն քննարկել է հայ-թուրքական հարաբերությունների թեման, քանի որ դա այդ երկու երկրների գործն է։

«Այլ հարց է», - նշեց Ռուսաստանը արտաքին գերատեսչության ղեկավարը, - «որ որքան արագ կարգավորվեն հարաբերությունները, այնքան լավ կլինի ողջ տարածաշրջանի համար»։

Մոսկվան պատրաստ է աջակցել գործընթացին` տարբեր ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնելու միջոցով, որոնցում շահագրգռված են Հայաստանը եւ Թուրքիան։

«Դա կարող է լինել ե՛ւ էլեկտրաէներգիայի մատակարարում Հայաստանից Թուրքիա, ե՛ւ երկաթուղային հաղորդակցության վերականգնում։ Այնպես որ, երբ եւ եթե կողմերը պատրաստ լինեն, Ռուսաստանը ուրախ կլինի գործընթացին իր ներդրումը բերել», - ասաց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, թե հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները նույն ամսին ուղարկվել են Հայաստանի խորհրդարան, իսկ երկրի Սահմանադրական դատարանը այս շաբաթ դրանց վերաբերյալ դրական եզրակացություն է կայացրել:

«Սա լուրջ ազդանշան էր Թուրքիային, որ պետք է կատարել ստանձնած պարտավորությունները», - հայտարարեց Նալբանդյանը: - «Չէի ցանկանա տպավորություն ունենալ, թե Թուրքիան միտումնավոր կերպով արգելափակում է վավերացման գործընթացը»:

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությանը՝ Սերգեյ Լավրովի խոսքով, Ռուսաստանը որեւէ շահ չի հետապնդում, բացի «խաղաղ պայմանագրի՝ երկուստեք ընդունելի սկզբունքներ մշակելուն աջակցելուց»:

«Մենք ելնում ենք նրանից, որ պայմանագրի մշակման ընթացքում Լեռնային Ղարաբաղի բնակչության դիրքորոշումը չի կարող հաշվի չառնվել», - հավելեց Լավրովը:

Այսօր հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով հունվարի 18-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Մոսկվա: Այցի ընթացում, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի նախագահի խոսնակ Սամվել Ֆարմանյանը, հնարավոր է, որ քննարկվի նաեւ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման անցկացման հարցը:

Ֆարմանյանը նաեւ հերքեց տեղեկությունը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման «Մադրիդյան սկզբունքների» վերանայված տարբերակն արդեն ներկայացվել է պաշտոնական Երեւանին:

XS
SM
MD
LG