Մատչելիության հղումներ

Ուկրաինացի ընտրողների առնվազն մեկ քառորդը չեն մասնակցի նախագահական ընտրություններին


Նախընտրական Կիեւը, հունվար, 2010
Նախընտրական Կիեւը, հունվար, 2010
«Ուկրաինացի քվեարկողների առնվազն 25 տոկոսը հունվարի 17-ին տեղամասեր չեն գնա», - պնդում են կիեւցի սոցիոլոգները: Նախագահական ընտրություններին չեն մասնակցի ոչ միայն շարքային ընտրողները, այլեւ մի շարք հայտնի գործիչներ: Նրանց թվում է նաեւ կիեւցի կինոռեժիսոր Ռոման Բալայանը:

«Ես ընտրություններին երկու անգամ եմ մասնակցել` 1991-ին եւ 2004-ին, երբ քվեարկեցի Յուշչենկոյի օգտին: Այս անգամ ես չեմ գնալու տեղամաս, քանի որ բոլոր թեկնածուներն էլ համոզված են, որ գործ ունեն ոչ թե ժողովրդի, այլ ընտրազանգվածի հետ: Ես այդ ամենին մասնակցելու որեւէ ցանկություն չունեմ», - նշել է հայազգի ռեժիսորը:

Կիեւում գործող Ռազումկովի վերլուծական կենտրոնի վերջին հարցման մասնակիցների 93 տոկոսը պնդել է, որ վերջին տարիներին Ուկրաինան սխալ ուղղությամբ է զարգանում:

Կիեւցի վերլուծաբան Ալեքսանդր Չերնենկոյի խոսքով` ընտրական գործընթացը Ուկրաինայում վտանգված է: «Բազմաթիվ մարդիկ, որոնք նախորդ ընտրությունների ժամանակ զբաղեցնում էին ընտրական հանձնաժողովի ղեկավարի կամ քարտուղարի պաշտոնը, այսօր խուսափում են նույն գործով զբաղվել: Երկրում ստեղծված ընդհանուր կացությունը չի նպաստում ընտրությունների բնականոն անցկացմանը», - նշել է կիեւցի փորձագետը:

Տեղեկությունները կան նաեւ ծրագրվող ընտրակեղծիքների մասին: Ուկրաինայի անվտանգության ծառայությունը նման օպերատիվ տեղեկություններ է ստացել երկրի արեւելյան` ռուսախոս շրջաններից` Դոնեցկից եւ Լուգանսկից: Կիրառվում են նաեւ նոր տեխնոլոգիաներ, որոնց նպատակն է է'լ ավելի նվազեցնել ընտրություններին քվեարկողների մասնակցության ցուցանիշը:

«Տեղեկություններ կան, որ մարդկանց զգուշացնում են, թե ընտրատեղամասերում նրանց իբր ստիպելու են մարել կոմունալ ծառայությունների դիմաց պարտքերը: Զորակոչային տարիքի երիտասարդներին էլ վախեցնում են, թե տեղամասերում զինկոմիսարիատների աշխատակիցներ են հերթապահելու, որպեսզի նրանց ընտրություն կատարելուց անմիջապես հետո բանակ տանեն», - ասել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն:

Ուկրաինայի նախագահական ընտրություններում առաջադրվել է 18 թեկնածու, որոնցից ամենաբարձր վարկանիշը ունեն վարչապետ Յուլիա Տիմոշենկոն եւ «Ռեգիոնների կուսակցության» ղեկավար Վիկտոր Յանուկովիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG