Մատչելիության հղումներ

Եվրամիության պաշտոնյայի կարծիքով` Թուրքիային պետք է տրամադրվի ոչ թե սահմանափակ, այլ լիիրավ անդամակցություն


Եվրամիության եւ Թուրքիայի դրոշները Ստամբուլում
Եվրամիության եւ Թուրքիայի դրոշները Ստամբուլում

Ելույթ ունենալով Բրյուսելում` Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովում անցկացվող լսումների ընթացքում, Եվրամիության ընդլայնման եւ Հարեւանության ծրագրերի պատասխանատու, ազգությամբ չեխ նախկին դիվանագետ, այժմ Եվրամիության արտաքին քաղաքականության հիմնական պատասխանատուի` Եվրամիության արտգործնախարար Քեթրին Էշթոնի ղեկավարությամբ աշխատող Շտեֆան Ֆուլեն ակնհայտորեն բացառել է Թուրքիային «սահմանափակ անդամակցության» տրամադրման հնարավորությունը՝ ասելով, թե ընթացող բանակցությունները վերաբերում են լիիրավ անդամակցությանը։

Իր ելույթում Ֆուլեն մեծ կարեւորություն է տվել Արեւմտյան Բալկանների, նաեւ Թուրքիայի դեպքում անդամակցության համար Եվրամիության առաջ քաշած նախապայմաններին, սակայն այդպես էլ չի հստակեցրել Արեւելյան գործընկերության ծրագրի անդամ, նախկին խորհրդային 6 երկրների ճակատագրի մասին հնչած հարցը։

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան հստակ տարբերություն է դրել Եվրոպայի ընդարձակման եւ Հարեւանության ծրագրի միջեւ։

Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին, Ուկրաինային, Մոլդովային եւ Բելառուսին Եվրամիությունը նախորդ տարվա մայիսին առաջարկել է այս [Հարեւանության] ծրագիրը։ Պայմանագիրը ստորագրվել է մայիսի 7-ին Պրահայում։

Եվրամիությունում գերիշխող են հետեւյալ տրամադրությունները. քանի դեռ հստակ որոշված չեն Եվրամիության վերջնական սահմանները, Բալկանյան երկրները ունեն Եվրոպային մաս կազմելու համար տեսանելի հնարավորություններ։ Ու չնայած Թուրքիան անդամակցության թեկնածու է, բայց, ի դեմս Ֆրանսիայի եւ Գերմանիայի, ունի ընդդիմություն։

«Բալկանյան երկրների հարցը. ահա այն առաջնահերթությունը, որի վրա առաջիկա տարիներին ես կկենտրոնանամ», - լսումների ժամանակ հայտարարել է Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության ծրագրերի պատասխանատուն։

Ֆուլեն ասել է նաեւ, որ ինքը Եվրամիության գործիչների հետ աշխատանք կտանի, որ Խորվաթիան, Բոսնիան, Սերբիան, Ալբանիան եւ Կոսովոն Եվրամիությանը «ավելի արագ անդամակցելու հնարավորություն ունենան»։

Ֆուլեն հրաժարվել է ուղիղ պատասխան տալ այն հարցին, թե արդյո՞ք Արեւելյան գործընկերության ծրագրին անդամակցող նախկին խորհրդային 6 պետությունները` Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Մոլդովան եւ Բելառուսը, երբեւէ հնարավորություն կունենան եվրոպական պայմանագրերում բնորոշված Եվրամիության երկրի կարգավիճակ ունենալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG