Մատչելիության հղումներ

Մինչ իշխանափոխության գործընթաց սկսելը Դաշնակցությունը կփորձի համոզել իշխանություններին


Արմեն Ռուստամյան

Արմեն Ռուստամյան

Եթե Հայ հեղափոխական դաշնակցությանը չհաջողվեց համոզել իշխանություններին` վերապահումներով վավերացնել հայ - թուրքական արձանագրությունները, այդ դեպքում Դաշնակցությունը կսկսի իշխանափոխության գործընթաց: Այդ մասին չորեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում հայտարարեց կուսակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

«Իշխանափոխության գործընթաց, որպեսզի գան իշխանություններ, որոնք կարող են թուրքերին կանգնել-ասել, որ մենք համաձայն չենք, որ առարկան լինի այս ամենը: Եվ այդ վերապահումները պետք է կատարեին իշխանությունները հենց Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա. չեն կատարել` նրանք պետք է հեռանան, որովհետեւ իրենք էլ են խախտել այդ պահանջը Սահմանադրական դատարանի, պետք է հեռանան, եւ գան իշխանություններ, որոնք դա կարող են թուրքերին ասել եւ միջազգային հանրության առաջ էլ պաշտպանել այդ դիրքերը», - ասաց Ռուստամյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` արդյո՞ք Դաշնակցությունը այսօր ի զորու է իշխանափոխություն իրականացնել, Ռուստամյանը պատասխանեց, թե ի զորու կլինի, եթե լուրջ աջակցություն ունենա հասարակության կողմից, ինչի ուղղությամբ այժմ աշխատում է: Եվ հետո, ըստ նրա, Դաշնակցությունը իր ցանկացած քայլը կատարում է իր կուտակած ուժին համապատասխան:

«Իհարկե, եթե Հայաստանի ժողովուրդը, հասարակությունը նույնպես այդ մտահոգությունները չընդունի, մենք կմնանք մենակ: Բայց ես վստահ եմ, որ սա այն հարցն է, որ իշխանափոխության էությունը, բնույթը, նպատակները հասկանալով` ժողովուրդը կաջակցի այս գործընթացին եւ, այո, օր-օրի այդ քայլը կատարելը կլինի շատ ավելի հնարավոր, քան երեկ էր», - հայտարարեց Արմեն Ռուստամյանը:

Իսկ մինչեւ իշխանափոխության գործընթաց սկսելը Դաշնակցությունը նախ փորձելու է փոփոխություն կատարել Ազգային ժողովի կանոնակարգում եւ օրենսդրին վերապահումներ կատարելու հնարավորություն տալ, ինչից հետո համոզել պատգամավորներին` վերապահումներով վավերացնել արձանագրությունները: Եթե դա էլ չստացվի, ապա Դաշնակցությունը համոզելու է նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի վերջինս անձամբ այդ վերապահումներն անի եւ հետո արձանագրությունները ուղարկի Ազգային ժողովի վավերացմանը:

Ըստ Արմեն Ռուստամյանի, այդ մասին ասվում է նաեւ Սահմանադրական դատարանի` նախօրեին կայացրած որոշման մեջ. - «Հայաստանի Հանրապետության նախագահը ունի բոլոր հնարավորությունները` նկատի ունենալով Սահմանադրական դատարանի որոշումը եւ, մասնավորապես, [որոշման] 6-րդ հոդվածը, որտեղ հենց այս անհրաժեշտությունն է մատնանշում, ներդաշնակ դարձնել Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող քայլերը Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներին: Նախագահը, նկատի ունենալով Սահմանադրական դատարանի դիրքորոշումը, ինքը արդեն վերապահումներով ուղարկի Ազգային ժողով»:

Չորեքշաբթի օրը տարածած հայտարարության մեջ Դաշնակցությունը նշում է, որ թեեւ սահմանադրական ճանաչվեցին արձանագրություններում տեղ գտած դրույթները, սակայն Սահմանադրական դատարանն անդրադարձել է առկա հիմնական մտահոգություններին եւ բավարար հիմքեր է ստեղծել Հայաստանի կողմից համապատասխան վերապահումներ կատարելու համար:

«Մասնավորապես` Սահմանադրական դատարանը ամրագրել է, որ այս արձանագրություններն ունեն բացառապես երկկողմանի միջպետական բնույթ, եւ Հայաստանը չի կարող ստանձնել երրորդ երկրին վերաբերող որեւէ պարտավորություն», ինչը, ըստ Դաշնակցության, վերաբերում է Ղարաբաղի հարցին:

Բացի այդ, Դաշնակցությունը կարեւորում է դատարանի իրավական այն դիրքորոշումը, որ Հայաստանի կողմից ստանձնվելիք որեւէ պարտավորություն չի կարող հակասել Հայաստանի Սահմանադրության նախաբանի դրույթներին եւ Հայաստանի Անկախության հռչակագրի 11-րդ կետի պահանջներին, այսինքն` Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:

Եվ վերջապես, շեշտում է Դաշնակցությունը, Հայաստանի եւ Թուրքիայի միջպետական սահմանների իրավական ամրագրումը այս արձանագրություններով չի կարող տեղի ունենալ, սահմանների հարցը բաց է մնում, եւ այն կարող է լուծվել բացառապես Հայաստանի Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված, հետագայում քննարկվելիք առանձին միջպետական պայմանագրի միջոցով:

Դաշնակցության համոզմամբ` Սահմանադրական դատարանի որոշումը ապացուցում է, որ այս արձանագրությունները Հայաստանի արտգործնախարարի վատ աշխատանքի արդյունք է: Եվ ըստ կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի` Հայաստանի իշխանությունները պետք է օր առաջ աշխատանքից ազատեն արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:

«Կարծում եմ, սրանից հետո առաջին քայլը, որ պիտի կատարեն իշխանությունները` հենց արտգործնախարարին պետք է ազատեն պաշտոնից: Էդպիսի ձախողում կարելի՞ է թույլ տալ դիվանագիտության մեջ», - հայտարարեց Ռուստամյանը:

XS
SM
MD
LG