Մատչելիության հղումներ

Պուտինը ճիշտ չի համարում Ղարաբաղի հարցը եւ հայ-թուրքական հարաբերությունները «մեկ փաթեթում միավորելը»


Մոսկվա -- Ռուսաստանի վարչապետ Պուտինը հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ: 13-ը հունվարի, 2010 թ.

Մոսկվա -- Ռուսաստանի վարչապետ Պուտինը հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ: 13-ը հունվարի, 2010 թ.

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ «պետք չէ մեկ փաթեթում միավորել» Ղարաբաղյան հակամարտության լուծումն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:

«Ռուսաստանը ողջունելու է թե' Ղարաբաղի, թե' հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ցանկացած դրական որոշում», - ասել է Ռուսաստանի վարչապետը՝ հավելելով. - «Սակայն պետք չէ դրանք մեկ փաթեթում միավորել: Այդ երկու խնդիրներից յուրաքանչյուրը շատ բարդ է լուծել՝ առանձին վերցրած, իսկ եթե փորձ արվի դրանք լուծել մեկ փաթեթով, ապա դրանց լուծման հեռանկարը մեխանիկորեն կհայտնվի ամենահեռվում: Գործնական եւ ռազմավարական տեսանկյուններից այս խնդիրները մեկ փաթեթում միավորելը այնքան էլ ճիշտ որոշում չէ»:

«Ռուսաստանը ամեն կերպ կաջակցի թե' մեկ եւ թե' մյուս խնդրի կարգավորմանը», - հավելել է Պուտինը՝ ընդգծելով, որ իր երկիրը միշտ հարգանքով է վերաբերել «իր բոլոր գործընկերների դիրքորոշումներին»:

Երկու երկրների վարչապետները քննարկել են նաեւ ռուս - թուրքական համագործակցության հարցերը, մասնավորապես` Սամսուն - Ջեյհան նավթատարի, «Հարավային հոսք» գազատարի եւ ատոմային էներգետիկայի բնագավառներում. հայտնի է, որ Ռուսաստանը կառուցելու է առաջին ատոմային էլեկտրակայանը Թուրքիայում:

Ավելի ուշ թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ Պուտինի հետ հանդիպումից հետո Էրդողանը ասել է, թե ռուսական կողմին կոչ է արել ավելի ակտիվ գործել Ղարաբաղի հարցում: Իսկ չորեքշաբթի առավոտյան Մոսկվայի միջազգային հարաբերությունների համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետը կարծիք էր հայտնել, որ Ռուսաստանը Ղարաբաղի հարցում կարող է շատ ակտիվ լինել եւ դառնալ ամենակարեւոր դերակատարը, եւ հավելել է, որ իր մոսկովյան այցի կարեւոր թեմաներից մեկն էլ հենց Ղարաբաղի հարցն է:

Ռեջեփ Էրդողանը չորեքշաբթի առավոտյան հանդիպել էր նաեւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ, ով Թուրքիայի վարչապետին ընդունելիս ընդգծել էր, որ «ռուս - թուրքական հարաբերությունները վերելք են ապրում, դրանք իսկապես ռազմավարական գործընկերների հարաբերություններ են»:
XS
SM
MD
LG