Մատչելիության հղումներ

Քաղաքական գործիչները արձագանքում են Freedom House-ի զեկույցին


Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը ներկայացնող քաղաքական գործիչները իրարամերժ մեկնաբանություններ են տալիս Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցում Հայաստանում ժողովրդավարության վիճակին տրված գնահատականներին:

Իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը Freedom House-ի գնահատականը որակեց «ծայրահեղ»:

«Freedom House-ը, այսպես ասած, ծայրահեղական դրսեւորում է ցուցաբերում մեր նկատմամբ, ճնշում է գործադրում հոգեբանական», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չորեքշաբթի օրը ասաց Զոհրաբյանը: - «Հայտարարած ցուցանիշները, որտեղ կարծես թե մենք մեջտեղում ենք գտնվում... Այնքան էլ մեջտեղում չենք ժողովրդավարության ցուցանիշներով կամ մարդու իրավունքների հարգման եւ պաշտպանման [ցուցանիշներով]»:

«Մենք ունենք բավականին խնդիրներ՝ սկսած տնտեսությունից, Հայաստանի անվտանգության ապահովումից», - շարունակեց իշխող կուսակցության փոխնախագահը: - «Այնպես չէ, որ միայն ժողովրդավարության համար մենք պիտի կիրառենք ուժեր: Առավել եւս՝ այսօր Ադրբեջանը ամեն օր հայտարարում է, թե «մենք պետք է պատերազմ սկսենք Ղարաբաղի հարցով Հայաստանի դեմ»: Եվ ասել, որ պետք է լինի բացարձակ ազատության երկիր՝ մարդու իրավունքների առումով, ես չէի էլ ուզի»:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը, մինչդեռ, «մեղմ» է համարում միջազգային հեղինակավոր կազմակերպության գնահատականը:

«Այն փաստերը, որոնց միջավայրում մենք ապրում ենք, շատ ավելի դաժան են, շատ ավելի խոսուն են», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա: - «Հայաստանում քաղբանտարկյալների գոյությունը ռեալ է, Հայաստանում ժուռնալիստների ծեծն ու ջանդը ակնհայտ է: Մենք 180 երկրների մեջ գտնվում ենք մոտավորապես 150-րդ տեղում, ինչը նշանակում է, որ Հայաստանը ամենահետամնաց երկրների շարքում է գտնվում: Վերջին 7-8 տարիների ընթացքում Հայաստանը 45 սանդղակով նվազեցրել է իր վիճակը, այսինքն՝ ժողովրդավարության մակարդակը Հայաստանում իջել է»:

«Բայց շտկվելու փոխարեն, հակառակը, Հայաստանում բռնատիրության դրսեւորումները ակնհայտ են դառնում», - հավելեց նա:

Մանուկյանի կարծիքով, զեկույցի «մեղմ» լինելը պայմանավորված է նրանով, որ դրա հեղինակները «պարզապես ուզում են մի քիչ մեղմ վերաբերվել՝ հույս ունենալով, որ կարող է շտկվել»:

«Ժողովրդավարության հետընթացի արդյունքը կարեւորագույն հարցերում երկրի պարտությունն է», - առանց վերապահումների պնդեց Մանուկյանը՝ հավելելով. - «Մեր մրցունակ լինելու զենքը, ռեսուրսը, դա ժողովրդավարությունն է»:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի գնահատմամբ, Freedom House-ի զեկույցում արձանագրված գնահատականը «ո'չ սուր է, ո'չ էլ մեղմ»:

«Հարկավոր է դիտարկել այս կարգի զեկույցը աշխարհի համատեքստում», - շարունակեց իրավապաշտպանը: - «Գոյություն ունեն այնպիսի երկրներ, ինչպիսին Հյուսիսային Կորեան է, ինչպիսին Իրանն է, եւ գոյություն ունեն այնպիսի երկրներ, ինչպիսին, ասենք, Նորվեգիան է: Այդ երկրների համատեքստում Հայաստանը գնահատված է վատից վատ»:

Իսկ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ասաց հետեւյալը. - «Առանց ազատ մամուլի ընդհանրապես ժողովրդավարություն չկա: Եվ մեզ մոտ, փաստորեն, հենց այդպիսի վիճակ է: Վերջին 8 տարիների ընթացքում Հայաստանում տեղի է ունենում լրատվամիջոցների դաշտի ընդլայնման գործընթաց, բայց, ցավոք, այդ քանակական զարգացումները չբերեցին որակական փոփոխությունների»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG