Մատչելիության հղումներ

Հայաստան է ժամանում Ռուսաստանի արտգործնախարարը


Սերգեյ Լավրով
Սերգեյ Լավրով

Չորեքշաբթի օրը հայկական կողմի հրավերով Երեւան կժամանի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ` երկօրյա այցի ընթացքում Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ինչպես ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն, բանակցությունների կենտրոնում է լինելու Ղարաբաղյան հարցի կարգավորումը: Այցի ընթացքում կողմերը մտքեր կփոխանակեն Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը ուղղված բանակցային գործընթացը շարունակելու շուրջ` Ռուսաստանի ստանձնած միջնորդական առաքելության համատեքստում: Կքննարկվի նաեւ իրադրությունը Հարավային Կովկասում, երկկողմ համագործակցությանը վերաբերող արդիական հարցեր:

«Չնայած գլոբալ ճգնաժամային միտումներին` հայ - ռուսական համագործակցությունը տարեցտարի ամրապնդվում է, առկա է պարբերական քաղաքական երկխոսություն ամենաբարձր մակարդակով», - նշել է Անդրեյ Նեստերենկոն` հիշեցնելով նախորդ տարվա ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի առաջնորդների միջեւ տեղի ունեցած բազմակի հանդիպումները:

«Մոսկվայում դրական են գնահատում Երեւանի հետ համագործակցությունը եւ ակնկալում են այդ աշխատանքի արդյունավետ շարունակություն», - ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:

Լավրովի առաջիկա այցի թեման նաեւ թուրքական եւ ադրբեջանական մամուլի ուշադրության կենտրոնում է: Գրեթե բոլոր հրապարակումները ընդգծում են, որ Ռուսաստանի արտգործնախարարը Հայաստան է գալիս այն ժամանակ, երբ Մոսկվայում բանակցում են Թուրքիայի եւ Ռուսաստանի առաջնորդները:

Վերլուծաբանները կարծիք են հայտնում, մասնավորապես, թե Լավրովը Հայաստանի իշխանություններին ներկայացնելու է պաշտոնական Անկարայի դիրքորոշումները եւ Մոսկվա վերադառնալուն պես Թուրքիայի վարչապետին է փոխանցելու պաշտոնական Երեւանի արձագանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG