Մատչելիության հղումներ

Հունվարի 13-ի մամուլ


«Ժամանակ»-ը գրում է. - «Անկասկած է, որ հայ-թուրքական ներկայիս գործընթացն ու դրա բովանդակությունը... բավականին նկատելի եւ հստակ վտանգներ են ներկայացնում ՀՀ ռազմավարական շահերի եւ հնարավորությունների տեսանկյունից: Բայց խնդիրը այն է, որ այդ գործընթացը ինքնին հետեւանք է այն ներքին իրավիճակի, որ կա Հայաստանի Հանրապետությունում: Այդ իրավիճակը, որը կարելի է մեկ բառով որակել հակասահմանադրականություն, իշխանությունը փորձ արեց եւ անում է սքողել հայ-թուրքական թեմատիկայով, դրա շուրջ բարձրացված աղմուկով: Եվ եթե խնդիր է դրվում իրապես հայ-թուրքական գործընթացի, մասնավորապես, արձանագրությունների հակասահմանադրականությունը, ապա դրան հնարավոր է հասնել միայն ու միայն ՀՀ-ում առկա ներքաղաքական իրավիճակի հակասահմանադրականության ճանաչմանը հասնելով»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Վերջին 10 տարում Հայաստանում մարդկանց մի նոր տեսակ է բուծվել: Այդ մարդիկ պատրաստ են իրենց տերերի հրահանգով ծեծել եւ ահաբեկել մարդկանց` հատկապես ընտրությունների ժամանակ: Ոմանք նրանց անվանում են «սափրագլուխներ», «հաստավիզներ», ոմանք` «թիկնապահներ», երբեմն նրանց կոչում են «քրեական տարրեր», «գողականներ», «խարոշիներ» կամ պարզապես «քուչի տղերք»: Բայց, հավանաբար, նրանց ամենաճիշտ անունը «ենիչերիներն» է: Թե ինչ է նշանակում այդ բառը, իհարկե, անհրաժեշտություն չկա բացատրելու հատկապես հայերին: Այնուամենայնիվ հիշեցնեմ, որ ենիչերիները հայրենիք, ազգություն, ընտանիք չունեցող զինվորներ էին, որոնք Օսմանյան կայսրությունում օգտագործվում էին մարտական գործողություններում, ինչպես նաեւ` ամեն տեսակի բռնությունների համար: Անցած կիրակի տեղի ունեցած «ընտրություններում» տեղամասերում «դվիժենի բանողների» մի մասը ներկայացել էր որպես «Ազատ հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության դիտորդներ: Սա էլ «սեւ հումորի» շարքից է»:

«Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կանխատեսում է. - «Ինչ վերաբերում է ներքաղաքական խնդիրներին, այդ առումով շատ ավելի հանգիստ տարի է սպասվում։ Համենայն դեպս, ներքաղաքական կատակլիզմների, արմագեդոնների հիմքեր, նախադրյալներ չեմ տեսնում։ Ի վերջո, 2010-ը նախընտրական տարի չէ, իսկ մեզանում քաղաքական կյանքը սովորաբար ակտիվանում է ընտրությունից ընտրություն, եւ այն «սրընթաց» զարգացումները, որոնց մասին խոսում են տարբեր քաղաքական ուժեր, մեզ սպասում են 2011 թվականից ոչ շուտ»։

lragir.am-ը գրում է. - «Հայաստանում բացահայտ ցինիզմով կեղծված հերթական ընտրությունը եւ դրա հանդեպ ընդդիմության` Հայ ազգային կոնգրեսի համեմատաբար հանգիստ վերաբերմունքը, երբ ընտրությունից հետո հայտարարվում է, թե չէին էլ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը կհաղթի եւ ասվում է, որ ընտրությունը, որին մասնակցել են` եղել է ապօրինի, հիմք տվեց Հայաստանում նոր ընդդիմության կամ նոր ուժի անհրաժեշտության մասին մտորումների: Ակնհայտ է, որ ներկայիս ընդդիմությունն իր մի շարք մարտավարական թերությունների կամ սխալների հետեւանքով կորցրել է հասարակության վստահության զգալի մաս: Ընդ որում, հասարակությունը ներկայիս ընդդիմության հանդեպ վստահության այդ որոշակի պաշարը կորցրել է ոչ այն պատճառով, որ ընդդիմությունն իշխանափոխություն չի անում, կամ հանրահավաք չի անում: Կորստի բուն պատճառն այն է, որ ընդդիմության բառապաշարը, ընդդիմության խոսքն աստիճանաբար սկսեց նույնանալ իշխանության խոսքի հետ, հասարակությունն աստիճանաբար սկսեց տեսադաշտից կորցնել ընդդիմության եւ իշխանության տարբերությունը: Երբ ընդդիմությունը սկսեց հաջողություն որոնել աշխարհաքաղաքական որոգայթների մեջ, եւ այդ հարթության վրա չեզոքացավ իշխանության ու ընդդիմության տարբերությունը, ընդդիմությանը մնաց ընդամենը սպասել, թե երբ կտապալվի կամ երբ հանդուրժող եւ քրիստոնեավար կդառնա իշխանությունը»:

«Կապիտալ»-ը մեկնաբանում է Երեւանի բյուջեն. - «Երեւանը, համայնք դառնալով, սեփական բյուջե ձեւավորելու իրավունք ստացավ, սակայն շարունակում է բեռ մնալ պետբյուջեի համար: Քաղաքապետարանը եկամուտի սեփական աղբյուրներով ծրագրերի իրականացման հարցում խնդիրներ պետք է որ չունենա, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի ազգաբնակչության ու տրանսպորտային միջոցների մոտ կեսը կենտրոնացված է Երեւանում, այստեղ է թողարկվում արդյունաբերական արտադրանքի 48%-ը: Այն, որ Երեւանը «հարուստ» քաղաք է, 1999-2000 թթ. պաշտոնավարած քաղաքապետ Ալբերտ Բազեյանին ասել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ «փողի վրա նստած՝ բյուջեից փող եք ուզում»: Չնայած հարաբերական հարստություններին՝ այս տարի Երեւանն իր ծախսերի ընդամենը 25%-ը կֆինանսավորի սեփական եկամուտների հաշվին: Թեեւ քաղաքապետարանի ենթակայության տակ են գտնվում ծառայություններ մատուցող մի շարք կազմակերպություններ, սակայն քաղաքի բյուջեից պայմանագրային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսված է հատկացնել 16 մլրդ դրամ: Քաղաքապետարանը նաև զգալի միջոցներ՝ մոտ 10 մլրդ դրամ, դասել է «այլ ծախսեր» հոդվածի տակ, դրանով իսկ դժվարացնելով այդ միջոցների նպատակային ծախսման վերահսկողությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG