Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) պահանջելու է չեղյալ ճանաչել հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում անցկացված Ազգային ժողովի պատգամավորի ընտրությունները՝ դիմելով նախ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, իսկ հետո անցնելով դատական բոլոր ատյաններով՝ ընդհուպ մինչեւ Եվրադատարան: Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, այդուհանդերձ, համարում է, որ իրենք «ծանրագույն պայմաններում կարողացել են հասնել շշմեցուցիչ արդյունքների»:

Զուրաբյանը, միաժամանակ, անցկացված ընտրությունները համեմատեց Աֆղանստանում վերջերս կայացած ընտրությունների հետ. - «Մեր իշխանությունները, ըստ էության, որդեգրել են թալիբների ձեռագիրը: Ահաբեկումը ե'ւ նախընտրական շրջանում կիրառեցին, ե'ւ ընտրության օրը կիրառեցին»:

Կիրակի օրը կայացած քվեարկության նախնական արդյունքներով, հիշեցնենք, «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանը հաղթել է թիվ 10 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորի ընտրություններում:

Այսօր ընտրատարածքի մի շարք տեղամասերում կատարվեց քվեաթերթիկների վերահաշվարկ, որը, սակայն, էական տարբերություններ չվերհանեց: Այսպես, թիվ 10/30 ընտրատեղամասում վերահաշվարկից հետո պարզվեց, որ անվավեր են համարվել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, այժմ անազատության մեջ գտնվող եւ ՀԱԿ-ի աջակցությունը վայելող թեկնածուի՝ Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկված 3 քվեաթերթիկները, թիվ 10/7 ընտրատեղամասում Արա Սիմոնյանի օգտին տրված ձայները նվազեցին 3-ով:

Հաղթած թեկնածուն՝ «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանը, ով բողոքարկել էր քվեարկության արդյունքները բոլոր այն ընտրատեղամասերում, որտեղ հաղթել էր Նիկոլ Փաշինյանը կամ իր եւ Փաշինյանի օգտին տրված ձայների տարբերությունը չնչին է եղել, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Մենք մեր հաշվարկներով պետք է որ շատ ավելի ձայներ ունենայինք»:
XS
SM
MD
LG