Մատչելիության հղումներ

logo-print

Freedom House hեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպության գնահատականով, արդեն 8-րդ տարին անընդմեջ Հայաստանը որեւէ առաջընթաց չի արձանագրում ժողովրդավարության ուղղությամբ, տարեցտարի վատթարացնում է ցուցանիշները եւ 2002 թվականից մինչ օրս դասվում է աշխարհի «մասամբ ազատ» երկրների շարքում։

Այս տարվա զեկույցում, ինչպես եւ նախորդ տարի, Հայաստանում քաղաքական իրավունքների դրսեւորումն ու պաշտպանությունը գնահատվել է վատագույն յոթ միավորից մեկով պակաս՝ վեց միավոր։ Այսպիսի գնահատական, Freedom House-ի ձեւակերպմամբ, ստանում են, մասնավորապես, «զինվորական խունտաների, միակուսակցական բռնապետների կամ ինքնակալների կողմից կառավարվող երկրները, որտեղ իշխող վարչախմբերը միայն նվազագույն չափով են հանդուրժում քաղաքական իրավունքները»։

Որեւէ բարելավում չի արձանագրվել նաեւ քաղաքացիական ազատությունների պաշտպանության ուղղությամբ. 2002 թվականից մինչեւ օրս, մասնավորապես, Հայաստանը այս առումով ստանում է չորս միավոր՝ 7 բալանոց համակարգում, որտեղ մեկը վկայում է քաղաքացիական ազատությունների լիակատար պաշտպանության, յոթը՝ լիարժեք բացակայության մասին։ Արդեն ութերորդ տարին անընմեջ, փաստորեն, Հայաստանը հայտնվում է այն երկրների խմբում, որտեղ «ընդդիմությունը բռնության ու ճնշումների է ենթարկվում, մամուլը գրաքննվում է, կոռուպցիան՝ ծաղկում»։

«Հայաստանի ցուցանիշները բավական մտահոգիչ են», – երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց Freedom House-ի՝ ուսումնասիրությունների գծով տնօրեն Քրիս Ուոքերն ու մանրամասնեց. - «Թեեւ Հայաստանը շարունակում է դասվել մասամբ ազատ երկրների շարքում, սակայն, իրականում գտնվում է մասամբ ազատների եւ ոչ ազատների սահմանագծին։ Դրա համար մի շարք պատճառներ կան, սակայն ես այժմ հատկապես կառանձնացնեի քաղաքականության եւ տնտեսության միջեւ առկա խորը կապը, որը, մեր համոզմամբ, խոչընդոտում է Հայաստանում էական քաղաքական բարեփոխումների կամ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի իրականացումը։ Այլ կերպ ասած՝ ժողովրդավարության վստահելիության համար անհրաժեշտ մի շարք հիմնարար հարցերի ուղղությամբ մենք իսկապես որեւէ էական առաջընթաց Հայաստանում չենք արձանագրել»։

Ընդ որում, հեղինակավոր այս կազմակերպության փորձագետի խոսքով, Հայաստանի իշխանությունները արդեն մեկ անգամ կորցրել են բարեփոխումներ իրականացնելու բացառիկ հնարավորությունը: «Նախորդ տարիներին, երբ երկիրը վայելում էր տնտեսական աճի բարեբեր պտուղները, ընդհանուր առմամբ, միջազգային հանրության շրջանում ակնկալիքներ կային, որ այդ վերելքը կուղեկցվի նաեւ քաղաքական ազատություններով ու ժողովրդավարական առաջըթացով, ինչը, սակայն, տեղի չունեցավ», - ասաց Քրիս Ուոքերը: - «Տնտեսական վերելքի այդ տարիները, իսկապես, ժողովրդավարության ուղղությամբ էական բարեփոխումներ արձանագրելու եզակի հնարավորություն էին Հայաստանի համար, եւ, իմ կարծիքով, մի շարք կառույցներ, օրինակ, «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան եւս այդ ընթացքում բավական մեծ ուշադրությամբ հետեւում եւ լուրջ փոփոխություններ էր ակնկալում Հայաստանից։ Առաջընթաց, սակայն, տեղի չունեցավ: Մինչդեռ 2008-ի իրադարձությունները, ընդդիմության ցույցերի բռնի ճնշումն ու դրանց հետեւած իրադարձություններն է'լ ավելի խստացրին Հայաստանում քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների շուրջ մտահոգությունները»։

«Մարտի 1-ի հետ կապված մի շարք հարցեր շարունակում են բաց մնալ», - ընդգծեց Ուոքերը: - «Մեզ իսկապես մտահոգում է, թե ինչպես են Հայաստանի իշխանությունները հետամուտ լինում այդ հարցերի լուծմանը։ Դրանց թվում են, օրինակ, անկախ փաստահավաք խմբի լուծարումը կամ էլ՝ բռնություններից հետո դատարանների ու իշխանության մյուս օղակների գործունեությունը»։

Ընդգծելով, որ Հայաստանում էական խնդիրներ կան նաեւ մամուլի ազատության տեսնակյունից՝ Քրիս Ուոքերը ասաց. - «Անցած տարվա ընթացքում մենք լուրջ քայլեր չենք արձանագրել նաեւ այդ հարցերը լուծելու ուղղությամբ: Հաշվի առնելով հեռուստաընկերությունների առատությունը եւ բազմազանությունը՝ մենք, այդուամենայնիվ, կուզենայինք տեսնել առավել ազատ լրատվական դաշտ, որը կարող է այլընտրանքային կարծիքներ առաջարկել քաղաքական նշանակություն ունեցող հարցերի շուրջ եւ որը խոչընդոտների չի հանդիպի գովազդատուներ գտնելիս. նկատի ունեմ ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական խոչընդոտները»:

«Այժմ, երբ Հայաստանը տնտեսական անկում է ապրում, իշխանությունները ստիպված են բարեփոխումների ուղղությամբ է'լ ավելի լուրջ մարտահրավերներ հաղթահարել, դրանք քայլեր են, սակայն, որոնց սպասում են ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այլեւ միջազգային կառույցները», – ընդգծեց նա՝ շարունակելով. - «Միացյալ Նահանգների «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան եւս, որն իր ծրագրերը մշակելիս, ի թիվս բազմաթիվ ցուցիչների, հաշվի է առնում նաեւ Freedom House-ի զեկույցները, իմ համոզմամբ, խորը մտահոգությամբ է հետեւում Հայաստանի իշխանություններին, որոնք անկարող են նշանակալից քայլեր ձեռնարկել պատասխանատու եւ թափանցիկ կառավարմանն առնչվող մի շարք կարեւոր ոլորտներում»։

Ընդհանուր առմամբ, զեկույցի համաձայն, աշխարհում ժողովրդավարությունը նահանջ է ապրել՝ արդեն չորրորդ տարին անընդմեջ, ինչը ամենաշարունակական անկումն է՝ հետազոտության իրականացման 40-ամյա պատմության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG