Մատչելիության հղումներ

Սկանդալային միջադեպ Թուրքիայի դեսպանի հետ Իսրայելի փոխարտգործնախարարի հանդիպման ժամանակ


Թուրքիայի եւ Իսրայելի պետական դրոշները

Թուրքիայի եւ Իսրայելի պետական դրոշները

Իսրայելի փոխարտգործնախարարը մտադրություն չի ունեցել նվաստացնել Թուրքիայի դեսպանին՝ հանդիպման ընթացքում նրան նստեցնելով ավելի ցածր աթոռի եւ չապահովելով Թուրքիայի դրոշը: Այս մասին, իսրայելական Haaretz պարբերականի փոխանցմամբ, ասված է Իսրայելի ԱԳՆ-ի` երեքշաբթի օրը տարածած հաղորդագրությունում:

Թուրքիայի արտգործնախարարությունը Իսրայելի դեսպան Գաբի Լեւիից բացատրություն է պահանջել Երուսաղեմում Թուրքիայի դեսպանի հետ հանդիպման վերաբերյալ՝ տեղի ունեցածը որակելով դեսպանի 35-ամյա կարիերայի ամենանվաստացուցիչ փորձառությունը:

Իսրայելի փոխարտգործնախարարը Դանի Այալոնը Թուրքիայի դեսպան Ահմեդ Օղուզ Չելիքոլին հրավիրել էր ԱԳՆ` բացատրություն պահանջելու թուրքական հեռուստատեսությամբ հակաիսրայելական սերիալ ցուցադրելու համար, որտեղ իսրայելական հատուկ ծառայության աշխատակիցը ներկայացվում է որպես երեխա առեւանգող: Հանդիպման ժամանակ Այալոնը Թուրքիայի դեսպանին նստեցրել է ավելի ցածր բազմոցին եւ եբրայերենով դիմելով ներկա լուսանկարիչներին՝ ասել. - «Ուշադրություն դարձրեք, որ նա նստած է ավելի ցածր աթոռին, մենք` նրանից ավելի բարձր, սեղանին միայն մեկ` իսրայելական դրոշ կա, եւ մենք չենք ժպտում»: Այնուհետեւ հանդիպումը շարունակվել է լրագրողների բացակայությամբ:

Ահմեդ Օղուզ Չելիքոլի ներկայացուցիչների վկայությամբ՝ Թուրքիայի դեսպանը չի հասկացել, թե ինչի մասին է խոսում Այալոնը, «հակառակ դեպքում՝ պատշաճ պատասխան կտար հենց տեղում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG