Մատչելիության հղումներ

Ռուսաստանում տոների ընթացքում հրդեհներից շուրջ 700 մարդ է զոհվել


Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շոյգու
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շոյգու

Ամանորյա արձակուրդների օրերին Ռուսաստանի Դաշնությունում հրդեհների զոհ է դարձել շուրջ 700 մարդ։ Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության` անցյալ տարվա համեմատությամբ արձանագրվել է այդօրինակ պատահարների թվի նվազում։

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ` նախարարությունը հայտնել է, որ տոնական օրերին հրդեհներից զոհվածների երեք քառորդը հարբած վիճակում են եղել։

Նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Վլադիմիր Ստեպանովի ներկայացրած տվյալներով` «2009 թվականի դեկտեմբերի 31-ից մինչեւ 2010 թվականի հունվարի 10-ը երկրում տեղի է ունեցել 5829 հրդեհ, ինչը անցյալ տարվա համեմատությամբ 12 տոկոսով պակաս է, հրդեհներից զոհվել է 696 մարդ, դա` 13 տոկոսով է պակաս»։

«Մարդիկ հիմնականում զոհվել են մասնավոր եւ բնակելի սեկտորում բռնկված հրդեհներում, մահացածների 70 տոկոսը հարբած վիճակում են եղել», - ասել է արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շոյգուն։

Նա հայտնել է, որ 2009 թվականի դեկտեմբերի 4-ից սկսած նախարարությունը եւ պատկան տեսչությունները ստուգումներ են անցկացրել շուրջ 100 հազար օբյեկտներում, որտեղ նախատեսված էին ամանորյա զանգվածային միջոցառումներ, ինչպես նաեւ հրավառության պարագաների արտադրությամբ եւ վաճաքով զբաղվող շուրջ 5 հազար 6 հարյուր հիմնարկ-ձեռնարկություններում։

«Ստուգումների ընթացքում բացահայտված խախտումների համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 32 հազար իրավաբանական անձ, 4 հազար 600 օբյեկտների գործունեությունն արգելված է, 15 հազար օբյեկտների գործերը փոխանցված են տեղական ինքնակառավարման մարմիններին», - ասել է Շոյգուն։

Արտակարգ իրավիճակների նախարարի խոսքերով` Ամանորի օրերին Ռուսաստանում հրշեջ ծառայությունների 12 հազար աշխատակիցներ բերված էին մարտական պատրաստության վիճակի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG