Մատչելիության հղումներ

Բողոքի ցույց Սահմանադրական դատարանի մոտ


Ցուցարարները Սահմանադրական դատարանի մետ, 12-ը հունվարի, 2010թ.

Ցուցարարները Սահմանադրական դատարանի մետ, 12-ը հունվարի, 2010թ.

Մինչ Սահմանադրական դատարանը քննում էր անցած տարվա հոկտեմբերի 10-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, դատարանի շենքի մոտ հավաքված մի քանի տասնյակ մարդիկ պահանջում էին հակասահմանադրական ճանաչել արձանագրություններում տեղ գտած դրույթները:

Ցուցարարներից Վարդգես Հակոբյանը, ով եկել է Նյու Յորքից, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց իր մտահոգությունները. - «Ես չեմ կարող մոռանալ Արեւմտահայաստանը, անկարելի բան է: Արտաքին գործերի նախարարը, երբ գնում է... թող իմանա, թե ինչ թուղթ է ստորագրում»:

«Մենք կորցնում ենք Արեւմտահայաստանը, կորցնում ենք Հայ Դատի գրասենյակի գործունեությունը, որ Ցեղասպանությունը ճանաչված է այսօր աշխարհում, եւ կորցնում ենք մեր հողերը», - շարունակեց նա՝ եզրափակելով. - «Թող խելացի լինեն [Հայաստանի իշխանությունները], թուրքերն էլ գալ ընդունեն իրենց սխալները: Այդ դեպքում բարեկամանանք, ինչո՞ւ չէ»:

Սփյուռքից ժամանած դաշնակցականներից ոմանք նշում էին, որ եթե Հայաստանի իշխանությունները կանգ չառնեն ու վավերացնեն այդ արձանագրությունները, ապա «պետք է հեղափոխություն իրականացվի»:

Բողոքի ցույցի մասնակիցները հույս ունեին, որ Սահմանադրական դատարանը հաշվի կառնի իրենց մտահոգությունները:

Դաշնակցության Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, թե այն, որ Սահմանադրական դատարանը գործին է կցել իրենց նամակը, նշանակում է, որ իրենց մատնանշած մտահոգությունները քննարկվելու են դատարանի կողմից:

Դատարանի շենքի մոտ բողոքի ակցիա էր անցկացնում նաեւ «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավորները: Նրանք տեղադրել էին մի սեղան, որի մոտ ցանկացողները այրում էին «Ո՛չ հայ-թուրքական արձանագրություններին» գրությամբ թղթեր:
XS
SM
MD
LG