Մատչելիության հղումներ

logo-print

Դեյվիդ Պետրեուս. «Պենտագոնն անհրաժեշտության դեպքում պատրաստ է հարված հասցնել Իրանին»


Դեյվիդ Պետրեուս

Դեյվիդ Պետրեուս

Ամերիկացի բարձրաստիճան զինվորական, զինված ուժերի կենտրոնական հրամանատարության հրամանատար գեներալ Դեյվիդ Պետրեուսը ասել է, թե Իրանի հետ բանակցությունների ձախողման դեպքում, եթե ակնհայտ դառնա, որ այդ երկրից սպառնալիք է բխում, Ամերիկայի օդուժը կարող է հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին։

Գեներալի համոզմամբ` օդային գրոհը հաջողությամբ կպսակվի, որովհետեւ այդ օբյեկտները դեռ պատշաճ ձեւով պաշտպանված չեն։

CNN-ին կիրակի օրը տված հարցազրույցում Պետրեուսը, չմանրամասնելով, ասել է, որ զինվորականները քննարկում են հավանական բոլոր զարգացումները։

«Տառացիորեն անպատասխանատվություն կլիներ մեր կողմից, եթե կենտրոնական հրամանատարությունը չկազմեր տարբեր իրավիճակների համար գործողությունների կոնկրետ ծրագրեր», - ասել է Դեյվիդ Պետրեուսը։

Արձագանքելով ամերիկացի գեներալի մեկնաբանություններին` Իրանի արտգործնախարարության խոսնակ Ռամին
Իրանի ԱԳՆ-ի խոսնակը հակադարձում է ամերիկացի գեներալի հայտարարություններին
Մեհմանպարաստն ասել է, թե դրանք ապակառուցողական են եւ հակասում են ԱՄՆ-ի նոր ղեկավարության հռչակած քաղաքական կուրսին։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, ինչպես նաեւ նրանց միացած Գերմանիայի բարձրաստիճան դիվանագետները այս ամսվա կեսերին հանդիպելու են Նյու Յորքում եւ քննարկելու են Իրանի միջուկային խնդիրը։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը առաջարկել է մի ծրագիր, ըստ որի` Իրանը պետք է թույլ հարստացված ուրանը փոխանցի Ռուսաստանին եւ Ֆրանսիային, որտեղ այն լրացուցիչ կհարստացնեն եւ կվերածեն Իրանի կարիքների համար անհրաժեշտ միջուկային վառելիքի։

Իրանը մերժել է ծրագիրը` միաժամանակ հայտնելով, թե պատրաստ է կա'մ գնել վառելիքը, կա'մ ուրանի փոխանակումը կատարել իր տարածքում։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը եւ վեց գերտերությունները, իրենց հերթին, Իրանի այդ պատասխան առաջարկն են մերժել։

Պաշտոնական Թեհրանը սպառնացել է, որ եթե մինչեւ հունվարի վերջ լուծում չլինի, ապա իրանցի մասնագետները ուրանի հարստացվածության 3.5 տոկոս աստիճանը կհասցնեն 20 տոկոսի եւ դրանից վառելիք կստեղծեն։

Արեւմուտքում ենթադրում են, որ Իրանը կարող է ստանալ 90 տոկոսի հարստացված ուրան, ինչը բավական է միջուկային ռումբ ստեղծելու համար։ Իրանը հավաստիացնում է, որ իր միջուկային ծրագիրը սոսկ խաղաղ բնույթ է կրում, եւ միջուկային զենք ստեղծելու մտադրություն չունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG