Մատչելիության հղումներ

Վրաստանում 2009-ի խռովության կազմակերպման մեջ մեղադրվող սպաները դատապարտվեցին 19-ից մինչեւ 29 տարվա ազատազրկման


Վրացական զորքերը խռովություն բարձրացրած Մուխրովանիի ռազմակայանի մոտ, 5-ը մայիսի, 2009
Վրացական զորքերը խռովություն բարձրացրած Մուխրովանիի ռազմակայանի մոտ, 5-ը մայիսի, 2009

Երկուշաբթի օրը Թբիլիսիում դատարանը խիստ վճիռներ է կայացրել 2009 թվականին հեղաշրջում ծրագրելու մեջ մեղադրվող սպաների նկատմամբ։ Զորացրված գնդապետ Կոբա Օտանաձեն, հատուկ ջոկատի հրամանատար Լեւան Ամիրիձեն եւ տանկային գումարտակի հրամանատար Շոթա Գորգիաշվիլին պետական հեղաշրջման նպատակով զինված խռովություն կազմակերպելու մեղադրանքով դատապարտվել են, համապատասխանաբար, 29, 28 եւ 19 տարվա ազատազրկման։

Եվս շուրջ 4 տասնյակ ամբաստանյալներից 16-ը դատապարտվել են 3-ից մինչեւ 15 տարվա ազատազրկման։

Ընթերցելով խռովության երեք հիմնական կազմակերպիչների դատավճիռը` դատավոր Էկա Արեշիձեն ասել է, որ նրանց նպատակն էր ապօրինի ճանապարհով փոխել երկրի սահմանադրական կարգը։

Գլխավոր ամբաստանյալներից մեկի` Վրաստանի հատուկ զորամիավորման հրամանատար Կոբա Կոբալաձեի նկատմամբ հարուցված գործը կարճվել է, եւ նա ազատ է արձակվել։ Նրա փաստաբանը` Գելա Նիկոլաշվիլին «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության ասել է, որ գոհ է դատարանի այդ որոշումից։

«Մեզանում հազվադեպ են այդ կարգի գործերը կարճելու դեպքերը, բայց իմ պաշտպանյալի անմեղությունը այնքան ակնհայտ էր, որ որեւէ այլ վճիռ պարզապես հնարավոր չէր ընդունել», - ասել է փաստաբանը։

Ըստ Վրաստանի իրավապահների, խռովությունը տեղի էր ունեցել անցյալ տարվա մայիսին Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Մուխրովանիի տանկային ռազմակայանում։ Մի քանի ժամ տեւած անորոշությունից հետո տանկերը եւ զրահամեքենաները շրջապատել են ռազմակայանը, եւ իշխանությունները հայտնել են, որ խռովարարները հանձնվել են։

Դատապարտվածները հերքել են մեղադրանքները, բայց եւ ընդունել են, որ հրապարակավ քննադատել են նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին եւ բանակի բարձրագույն հրամանատարներին Ռուսաստանի հետ պատերազմում դրսեւորած անկարողության համար։

2009-ի մայիսի 5-ին նրանք նաեւ հայտնել էին, որ չեն մասնակցելու մայիսի 26-ին նշանակված զորահանդեսին, քանի որ պարտված բանակը չունի այդպիսի միջոցառում անցկացնելու իրավունք։

Վրաստանի ընդդիմությունը պնդում է, որ այդ խռովությունը ոչ այլ ինչ էր, եթե ոչ Սահակաշվիլիի կազմակերպած շոու, որի նպատակն էր շեղել հասարակության ուշադրությունը Ռուսաստանի հետ պատերազմում կրած պարտության իրական պատճառներից։

Դատապարտվածների փաստաբանները ասել են, որ բողոքարկելու են վճիռները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG