Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանը քննում է հայ - թուրքական արձանագրությունների հարցը


Սահմանադրական դատարանը սկսեց հայ - թուրքական արձանագրությունների հարցով քննությունը, 12-ը հունվարի, 2010

Սահմանադրական դատարանը սկսեց հայ - թուրքական արձանագրությունների հարցով քննությունը, 12-ը հունվարի, 2010

Հայաստանի Սահմանադրական դատարանը երեքշաբթի օրը սկսեց հայ - թուրքական արձանագրությունների հարցով քննությունը, որի արդյունքում վճռելու է` համապատասխանո՞ւմ են արդյոք անցած տարվա հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված փաստաթղթերը երկրի Հիմնական օրենքին:

Սահմանադրական դատարանի` ժամը 11:00-ին սկսված նիստի հրապարակային մասը տեւեց 4 րոպե, ինչից հետո դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ որոշվել է հարցը քննարկել գրավոր ընթացակարգով, եւ դատարանը անցավ խորհրդակցական սենյակ:

«Միջազգային պայմանագրերի քննության առանձնահատկությունները հաշվի առնելով` դատարանը որոշել է գործի քննությունը կազմակերպել գրավոր ընթացակարգով», - ասաց Գագիկ Հարությունյանը:

Հայաստանի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը Սահմանադրական դատարանում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն է: Արտգործնախարարության բացատրությունը ներկայացվել է գրավոր:

Գագիկ Հարությունյանն ասաց, որ դատարանը ստացել է տարբեր գրություններ: «Սա այն հարցն է, որը, գիտենք, ունի բացառիկ կարեւորություն: Այդ բոլոր փաստաթղթերը` գրավոր ձեւով, որոնք ներկայացվել են Սահմանադրական դատարանին, դրված են խորհրդակցական սենյակում, եւ դատարանի անդամները նույնպես կարող են դրանց ամբողջությամբ հաշվի առնել», - նշեց նա:

Սահմանադրական դատարանի նախագահը հայտնեց, որ ստացել է Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչների գրավոր նկատառումները եւս. - «Երեկ օրվա վերջին Սահմանադրական դատարանի մոտ բազմամարդ հանրահավաքի ներկայացուցիչները Սահմանադրական դատարանի անդամներին ներկայացրեցին իրենց գրավոր նկատառումները սույն արձանագրությունների եւ դրանում ամրագրված պարտավորությունների վերաբերյալ: Համոզված եմ, որ դատարանի անդամները նույնպես կծանոթանան` դռնփակ խորհրդակցության ժամանակ իրենց իրավական դիրքորոշումները հստակեցնելու առնչությամբ»:

Գրավոր ընթացակարգի նախընտրությունը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց իրավագետ Հրայր Թովմասյանը, պայմանավորված է Սահմանադրական դատարանի մասին օրենքով: «Սովորական ռեժիմ է, ինքնաբացառություն չէ, որ միայն այս պայմանագիրն էր, որ քննվեց գրավոր ընթացակարգով», - ընդգծեց իրավագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG