Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը վերսկսում է հայ-թուրքական արձանագրությունների դեմ բողոքի միջոցառումները


Երեւանի Շահումյան հրապարակում երկուշաբթի անցկացված հանրահավաքում Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) եւս մեկ անգամ իշխանություններին հորդորեց ետ կանգնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները վավերացնելու գործընթացից։

Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը իր ելույթում նշեց, որ այսօրվա հանրահավաքով եւս մեկ անգամ իշխանությունների եւ, մասնավորապես, Սահմանադրական դատարանի անդամների ուշադրությունն են բեւեռելու այն հնարավորությունների վրա, որոնց օգտագործմամբ ՍԴ-ն կարող է կասեցնել արձանագրությունների վավերացման գործընթացը։

«Սա է այսօր Սահմանադրական դատարանի մեծ առաքելությունը, եթե չասեմ՝ պատմական շանսը, որ կարողանա կասեցնել մեզ համար ոչ ձեռնտու այս ընթացքը», - հայտարարեց Արմեն Ռուստամյանը։

Հունվարի 12-ին Սահմանադրական դատարանը պետք է վճիռ կայացնի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունների սահմանադրականության վերաբերյալ։

Արմեն Ռուստամյանի համոզմամբ, գոյություն ունի արձանագրությունները հակասահմանադրական ճանաչելու 3 գլխավոր պատճառ։ Առաջինը արձանագրություններում տեղ գտած նախապայմաններն են, որոնց մասին դաշնակցությունը բազմիցս է խոսել։ Բացի նախապայմաններից, ըստ Ռուստամյանի, արձանագրություններում կան դրույթներ, որոնք ուղղակի հակասում են Սահմանադրությանը։ Եվ երրորդ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ողջ գործընթացը սկսվել եւ իրականացվել է փակ եւ գաղտնի պայմաններում, ինչը նույնպես հակասում է Սահմանադրությանը։

Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, դաշնակցական Հրայր Կարապետյանն էլ իր խոսքում ընդծեց, որ Սահմանադրական դատարանից պահանջում են իր եզրակացության մեջ մատնանշել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ ղարաբաղյան կարգավորման գործընթացին ուղղված բոլոր այն սպառնալիքները, որոնք կան այդ արձանագրություններում։

«Ոչ ասելով արձանագրությանը, մենք ոչ ենք ասում Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելուն, ոչ ենք ասում Ցեղասպանությունը ուրացողներին, ոչ ենք ասում Թուրքիայի տարածքային ամբողջականությունը ճանաչողներին», - հայտարարեց Հրայր Կարապետյանը։

Հանրահավաքին մասնակցում էին այն 14 կուսակցությունները, որոնք միացել են Դաշնակցությանը՝ արձանագրությունների դեմ պայքարում։ Այսօր հրավիրված հանրահավաքում իշխանությունների սուր քննադատությամբ հանդես եկավ «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը՝ իշխանություններին մեղադրելով «ստի ու կեղծիքի մեջ»։

«Էդվարդ Նալբանդյանը, Սերժ Սարգսյանը եւ մնացյալը մեզ ասում էին՝ նախապայմաններ չկան։ Այն սուտը, որը տարածել էին, թե որեւէ խնդիր Լեռնային Ղարաբաղի հետ կապված չէ։ Ինչքա՞ն կարելի է սուտ ու կեղծիքով փորձեն պրոցեսները առաջ տանել, մկան ուղեղով փորձել Հայաստանը առաջ տանել։ Մենք բոլորս պիտի ոտքի կանգնենք», - հայտարարեց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավարը։

Ելույթներից հետո հանրահավաքի մասնակիցները ջահերով շարժվեցին դեպի Սահմանադրական դատարան, որտեղ նամակով ներկայացրեցին իրենց դիրքորոշումը եւ հայ-թուրքական արձանագրությունները հակասահմանադրական ճանաչելու իրենց հիմնավորումները։
XS
SM
MD
LG