Մատչելիության հղումներ

Հունվարի 11-ի մամուլ


Գերմանական Tagesspiegel պարբերականի խմբագրականում անդրադարձ է արվում հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի փորձերին, որոնք թերթը որակել է որպես «թարմ շունչ» արտաքին քաղաքականության ոլորտում. - «2002 թվականին, երբ Թուրքիայում իշխանության եկավ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, այն ժամանակ երկրի վարչապետ, ներկայումս նախագահ Աբդուլա Գյուլը հայտարարեց, թե Թուրքիան կցնցի Եվրոպային՝ բարեփոխումներ կատարելու իր պատրաստակամությամբ, եւ իսկապես, այդ ժամանակ Թուրքիան բարեփոխումներ սկսեց, որոնք մեծ տպավորություն գործեցին Եվրոպայի վրա, եւ ըստ էության հիմք դրեցին անդամակցության շուրջ բանակցություններին։ Այժմ էլ Թուրքիան պատրաստվում է ցնցել Եվրոպային իր արտաքին քաղաքականությամբ, որի հիմքում ընկած է հարեւանների հետ ոչ մի տարաձայնություն կամ խոչընդոտ դոկտրինը։ Եթե Թուրքիան հաջողի այս քաղաքականության մեջ, բարեփոխումներ կատարի երկրի ներսում եւ ամրապնդի իր՝ տարածաշրջանում առանց այդ էլ հզոր տնտեսությունը, ապա շնորհիվ աշխարհաքաղաքական դիրքի, ՆԱՏՕ—ի անդամակցության ու Եվրամիության թեկնածության, կկարողանա կարեւոր դիրք զբաղեցնել Եվրոպայում, Կովկասում, Կենտրոնական Ասիայում եւ Մերձավոր Արեւելքում։ Եվ այդժամ արդեն, աշխարհի այդ անկյունում անհնար կլինի որեւէ քայլ ձեռնարկել՝ առանց Թուրքիայի մասնակցության»։

Ռուսական օրաթերթերը անդրադարձել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ էրդողանի՝ երեքշաբթի Մոսկվա կատարելիք այցին։

«Թուրքիան բարեկամություն է առաջարկում Ռուսաստանին», - այդ առթիվ գրել է «Սվոբոդնայա պրեսսան» շարունակելով. - «Ճիշտ է այդ նոր բարեկամության դիմաց Ռուսաստանը ամենայն հավանականությամբ ստիպված կլինի զոհել Կովկասի հին դաշնակից Հայաստանը։ Էրդողանը դատարկաձեռն չի գա Մոսկվա, քննարկվելու են մի շարք կարեւոր էներգետիկ ծրագրեր, այդ թվում՝ «Սամսուն–Ջեյհան» նավթամուղը, «Երկնագույն հոսանք» գազատարի կառուցումը։ Ավելին՝ էրդողանը կարող է շահագրգռել Կրեմլին Թուրքիայի առաջին ատոմակայանը կառուցելու առաջարկով, իսկ փոխարենը պահանջել, որպեսզի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող Ռուսաստանը ակտիվացնի ջանքերը ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ»։ Հոդվածագրի համոզմամբ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ամենայն հավանականությամբ հունվարի 13-ին Հայաստան է գալիս, որպեսզի ներկայացնի այն որոշումները, որոնք դրանից մեկ օր առաջ Մոսկվայում կընդունեն Ռուսաստանի եւ Թուրքիայի վարչապետերը։

Թուրքական Hurriyet-ը զրուցել է սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի 80-ամյա թոռան՝ Բեյզադե Բյուլենթ Օսմանի հետ, ով պնդել է, թե իր ընտանիքը փրկությամբ եւ կյանքով պարտական է ֆրանսիահայ ընտանիքներին: - «Թուրքիայից արտաքսվելուց հետո մեզ օգնել են մեր հայ բարեկամները, ես չեմ կարող հերքել այն բարեգործությունները, որ հանուն մեր ընտանիքի արել են հայերը», - ասել է Աբդուլ Համիդ 2-րդի թոռը։ «Աշխարհը սուլթան Աբդուլ Համիդ 2-ին ճանաչում է որպես մեկը, ով անմիջական առնչություն է ունեցել Թուրքիայի կողմից ժխտվող հայոց ցեղասպանությանը», - գրել է «Հյուրիեթը» եւ մեջբերել սուլթանի թոռան տեսակետը։ - «Ես ճշմարտության կողմնակիցն եմ», - ասել է Ֆրանսիայում ծնված Բեյզադե Բյուլենթ Օսմանը. - «Ֆրանսիացիները եւ գերմանացիները նույնպես կոտորել են իրար, սակայն կարողացել են երկխոսություն հաստատել։ Մենք պետք է պատմությունը թողնենք անցյալում եւ կարողանանք նայել ապագային»։

Բրիտանական Times-ը գրել է հանրահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու՝ Լոնդոնում կայանալիք ցուցահանդեսի, ինչպես նաեւ տաղանդաշատ արվեստագետի ողբերգական ճակատագրի ու հայկական արմատների մասին. - «Շուրջ երեք տասնամյակ շարունակ Նյու Յորքյան արվեստաշխարհի վառ ներկայացուցիչը համարվող Արշիլ Գորկին մահվանից հետո առեծվածային է մնում նույնքան, որքան կյանքի ընթացքում։ Նրա արվեստի վերաբերյալ մի շարք հարցեր բաց են մնում մինչ օրս, սակայն մեկ բան հստակ է՝ նա 20-րդ դարի ամենաողբերգական կյանքն ապրած արվեստագետներից մեկն էր։ Գորկին երբեք չէր քննարկում այն փաստը, որ վկա է եղել Վանի գրավմանը Հայոց ցեղասպանության սկզբնական փուլերում, որ 15 տարեկան հասակում Վանի բնակիչների հետ ստիպված է եղել 8 օր անընդմեջ քայլել Արեւելյան Հայաստան հասնելու համար, եւ այդ ճանապարհին ականատեսը լինել բազմաթիվ հայրենակիցների ու սեփական մոր մահվանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG