Մատչելիության հղումներ

logo-print

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վրա խաչ չի տեղադրվի


Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցին

Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցին

Թուրքական Milliyet-ին տված հարցազրույցում Թուրքիայի Զբոսաշրջության եւ մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը ասել է, որ Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին չի բացվելու կրոնական արարողությունների համար եւ գմբեթին խաչ չի տեղադրվելու, քանի որ այս եկեղեցին նման արարողություններ անցկացնելու թույլտվություն ստացած հաստատությունների ցանկում չկա:

Անցած ամիս Վանի նահանգապետ Մունիր Կարաօղլուն հայտարարել էր, որ Աղթամարի Ս. Խաչ եկեղեցին կփոխի իր բացառապես թանգարանային կարգավիճակը եւ կդառնա նաեւ սրբատեղի-աղոթավայր, կրոնական արարողությունների համար եկեղեցու վերաբացման հնարավոր ամսաթիվ Կարաօղլուն նշել էր այս տարվա սեպտեմբերի 12-ը:

«Սուրբ Խաչի տոնը լավ առիթ կարող է դառնալ Թուրքիայի մշակույթի նախարարության համար՝ ցույց տալու, որ ցանկանում է լավացնել Հայաստանի, հայերի հետ հարաբերությունը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երկուշաբթի ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի պատասխանատու խմբագիր Արիս Նալջըն:

Նա հիշեցրեց, որ Աղթամարի Սուրբ Խաչը վերանորոգվել է Թուրքիայի Զբոսաշրջության եւ մշակույթի նախարարության կողմից, եւ կրոնական արարողությունների նպատակով եկեղեցու վերաբացման համար անհրաժեշտ է հենց նախարարության թույլտվությունը:

Նալջըն ընդգծեց, որ Milliyet-ում հրապարակված հարցազրույցում Մշակույթի նախարարը եկեղեցու բացելը հնարավոր չի համարել բյուրոկրատական խնդիրների պատճառով, սակայն չի ասել, թե տարին մեկ անգամ արարողություն անցկացնելու հրաման չեն տալու։

«Նախարարը նշել է, որ Աղթամարի Սուրբ Խաչը չի վերաբացվի որպես եկեղեցի, բայց նա չի ասել, որ տարին մեկ անգամ արարողություն անցկացնելու հրաման պետք է չտան: Սրանք քաղաքական խաղեր են, հիշեցնելու, թե քաղաքապետարանը այդ մարզի կառավարիչն է, բայց մշակույթի նախարարն է որոշում, թե ինչպես պետք է լինի: Մենք հույս ունենք, որ գոնե Սուրբ Խաչի տոնին՝ սեպտեմբերի 12-ին, արարողություն կկարողանանք կատարել եկեղեցում»,- ասաց Արիս Նալջըն:

Թուրքիայի կառավարությունը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգման գործընթացը սկսեց 2005 թվականի մայիսից։ Աշխատանքները, որոնց արժեքը, թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, կազմել է շուրջ 1.7 միլիոն դոլար, ավարտվեցին 2006-ի հոկտեմբերին։ Եկեղեցին վերաբացվեց 2007 թվականի մարտի 29-ին, սակայն եկեղեցու վրա խաչ չտեղադրվեց. այն գործում է որպես թանգարան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG