Մատչելիության հղումներ

Երկուշաբթի օրը Կրասնոդարում, 76 տարեկանում, սրտի կաթվածից մահացել է խորհրդային եւ ռուսաստանյան անվանի ջազային երաժիշտ, սաքսոֆոնահար, երգահան, ծագումով հայ Գեորգի Գարանյանը։ Ամուսնու մահվան լուրը ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հաղորդել է Գարանյանի այրին` Նելլի Զակիրովան։

Կրասնոդարում Գարանյանը պատրաստվում էր համերգի, որին պետք է մասնակցեր նաեւ ֆրանսիացի աշխարհահռչակ երաժիշտ, նույնպես ծագումով հայ Միշել Լեգրանը։

Գարանյանը իր երաժշտական գործունեությունը սկսել է անցյալ դարի 50-ական թվականներին։ Ղեկավարել է «Մելոդիա» համույթը, որը համագործակցել է Իոսիֆ Կոբզոնի, Լյուդմիլա Գուրչենկոյի, Լեւ Լեշչենկոյի, Ալլա Պուգաչովայի եւ անվանի այլ աստղերի հետ։

Գարանյանը երաժշտություն է գրել խորհրդային մի շարք սիրված կինոֆիլմերի համար, որոնց թվում են «Պոկրովյան դարպասներ», «Իրիկնային լաբիրինթոս», «Նրա երիտասարդության բաղադրատոմսը» եւ այլ ժապավեններ։

Նա հեռուստատեսությամբ վարել է «Ջեմ-5», իսկ ռադիոյով` «Գեորգի Գարանյանի ջազ-ակումբը» հաղորդաշարերը։

«Գարանյանի հեռանալը մեծ կորուստ է թե' երաժշտության եւ թե' մարդկային առումով, նա գեղեցիկ, բարի, խելացի անձնավորություն էր», - ասել է «Մոսկվայի վիրտուոզներ» համույթի ղեկավար Վլադիմիր Սպիվակովը։

«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ` Գեորգի Գարանյանի հուղարկավորությունը տեղի կունենա Մոսկվայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG