Մատչելիության հղումներ

Ըստ սոցհարցումների` Ուկրաինայի գործող նախագահը ընտրություններում հաղթելու շանս չունի


Վիկտոր Յուշչենկո, Լվով, 8-ը հունվարի, 2009
Վիկտոր Յուշչենկո, Լվով, 8-ը հունվարի, 2009

Ուկրաինայում ծավալված նախագահական ընտրարշավը զգալիորեն տարբերվում է հետխորհրդային տարածքում մինչ օրս անցկացված գրեթե բոլոր ընտրություններից: Սա առաջին դեպքն է ԱՊՀ-ի տարածքում, երբ գործող նախագահը, մասնակցելով ընտրություններին, հաղթելու որեւէ շանս չունի:

Կիեւում հրապարակված վերջին սոցհարցումների արդյունքների համաձայն` գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոն լավագույն դեպքում կարող է ստանալ ձայների 4 տոկոսը: Ընտրարշավի առաջատարը նախկին վարչապետ, «Ռեգիոնների կուսակցության» նախագահ Վիկտոր Յանուկովիչն է. նրա օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 33 տոկոսը: Գործող վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի օգտին հունվարի 17-ի ընտրություններում պատրաստվում է ձայն տալ ուկրաինացի քվեարկողների մոտ 20 տոկոսը:

Չնայած այս թվերին` Յուշչենկոյի թիմը շարունակում է պնդել, թե նախագահի վարկանիշն անշեղորեն աճում է եւ բավարար է նրա երկրորդ փուլ դուրս գալու համար:

Գործող նախագահի ընտրարշավը կառուցված է մեկ հիմնական գաղափարի շուրջ` միակ քաղաքական գործիչը, որն ի վիճակի Է ապահովել Ուկրաինայի իրական անկախությունը, Վիկտոր Յուշչենկոն է:

«Այսօր Ուկրաինայում առնվազն երկու քաղաքական առաջնորդներ կան, որոնք երկիրը տանում են դեպի ամոբղջատիրություն` Տիմոշենկոն եւ Յանուկովիչը: Երկուսն էլ` Կրեմլի նախագծեր են: Նրանց նպատակն է ուկրաինացիներին զրկել ազատությունից, ժողովրդավարությունից եւ ազգային ինքնությունից», - Յուշչենկոյի այս հայտարարությունը հնչեց երկրի պետական հեռուստատեսության եթերում` նախագահի ամենամսյա ուղերձի շրջանակներում:

Դրանից մի քանի ժամ անց Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես նկատողություն հայտնեց Յուշչենկոյին: Հանձնաժողովի անդամների պնդմամբ, Յուշչենկոն իրեն` որպես գործող նախագահի հատկացված եթերաժամանակը օգտագործել էր նախագահության մյուս թեկնածուների դեմ հակաքարոզչություն ծավալելու համար:

Սոցիոլոգները նշում են, որ ինչպես եւ 2004 թվականին` այս անգամ էլ Ուկրաինայի տարբեր մարզերում քվեարկության պատկերը խիստ տարբեր է լինելու: Ընտրարշավի առաջատար Վիկտոր Յանուկովիչը, օրինակ, Դոնեցկի մարզում կարող է ստանալ քվեների 60, իսկ երկրի արեւմտյան շրջաններում` հազիվ 5 տոկոսը:

Գրեթե նույն պատկերն է Յուշչենկոյի դեպքում. ուկրաինական ազգայնականության կենտրոն համարվող Լվովում նրա օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 30, իսկ, օրինակ, ռուսախոս Լուգանսկում` ընդամենը 2 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG