Մատչելիության հղումներ

Ոստիկանության պնդմամբ` Պետրոս Մակեյանը ոչ թե տուժող է, այլ մեղավոր


Պետրոս Մակեյանը հիվանդանոցում, 10-ը հունվարի, 2010

Պետրոս Մակեյանը հիվանդանոցում, 10-ը հունվարի, 2010

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղակայված թիվ 10/09 ընտրատեղամասի մոտ կիրակի օրը ծեծկռտուք է տեղի ունեցել, որի արդյունքում երեք հոգի՝ Նիկոլ Փաշինյանի նախընտրական ենթաշտաբի պետ Պետրոս Մակեյանը, նրա որդին՝ Կարեն Մակեյանը եւ տվյալ տեղամասում Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Սուրեն Մարտիրոսյանը վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել են հիվանդանոց, կոտրվել է Մակեյանի քիթը։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տուժողները պնդեցին, որ իրենց ծեծի են ենթարկել «ինչ-որ սափրագլուխներ»։

«Ոստիկանությունը դուրս եկավ եւ փոխանակ սափրագլուխներին զսպի, բռնում էր մեր ձեռքերը, որ նրանք խփեն», - պատմեց Պետրոս Մակեյանը։

Պետրոս Մակեյանի պատմածը հաստատեց նաեւ թիվ 10/09 ընտրատեղամասում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Նարինե Վանյանը, ով հասցրել է հեռախոսով իրենց շտաբին փոխանցել Փաշինյանի ներկայացուցիչներին ծեծի ենթարկողների ավտոմեքենայի պետհամարանիշները։

Տվյալ միջադեպի վերաբերյալ կիրակի երեկոյան ոստիկանության տարածած հաղորդագրությունում, մինչդեռ, մասնավորապես, ասված է. - «Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Արա Սիմոնյանի վստահված անձ Տիգրան Մուրադյանի հետ վիճաբանել են պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Պտրոս Մակեյանը, Կարեն Մակեյանը եւ Սուրեն Մարտիրոսյանը: Վիճաբանության ընթացքում Պետրոս, Կարեն Մակեյաններն ու Սուրեն Մարտիրոսյանը ծեծի են ենթարկել Տիգրան Մուրադյանին: Նույն օրը ժամը 15.35-ին համալսարանական թիվ 1 հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են դիմել Պետրոս Մակեյանը, Կարեն Մակեյանը եւ Սուրեն Մարտիրոսյանը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն»:

«Ինչպե՞ս կմեկնաբանեք այն հակասությունը, որ առկա է ոստիկանության հաղորդագրության մեջ. մի կողմից` ոստիկանությունը նշում է, որ Արա Սիմոնյանի վստահված անձին՝ Տիգրան Մուրադյանին ծեծի են ենթարկել Պետրոս Մակեյանը, Կարեն Մակեյանն ու Սուրեն Մարտիրոսյանը, մյուս կողմից` հիվանդանոցում է հայտնվել ոչ թե ըստ ոստիկանության տեղեկատվության ծեծի ենթարկվածը՝ Տիգրան Մուրադյանը, այլ Նիկոլ Փաշինյանի վստահված անձինք», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին ոստիկանության լրատվության բաժնի հասարակայնության հետ կապերի բաժնի պետի տեղակալ Արմեն Մալխասյանը պատասխանեց, որ չի կարող մեկնաբանել, եւ որ իրենց ունեցած տեղեկատվությունն այդքանն է:

Արա Սիմոյանի նախընտրական շտաբից նույնպես չարձագանքեցին, իսկ Պետրոս Մակեյանը շեշտեց, որ իր համար անսպասելի չէր ոստիկանության այսպիսի հայտարարությունը:

«Հակասությունն այն է, որ ոստիկանությունն ինքը մասնակից է եղել այդ ամբողջ գործընթացին: Այս ոստիկանությունը, որը բանդայի հետ համագործակցում է, սափրագլուխների հետ համագործակցում է` ինչպե՞ս բացատրեմ: Իրենց համար դա սովորական երեւույթ է` ոստիկանությունը բռնում էր մեր ձեռքերը, որ այդ սափրագլուխները խփեն, ընդ որում` Արա Սիմոնյանի վստահված անձը հանձնաժողովի նախագահի մեքենայով բանդային փախցրեցին, ու հիմա դա պետք է ասեն», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մակեյանը:

Մակեյանները եւ Սուրեն Մարտիրոսյանը արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG