Մատչելիության հղումներ

logo-print

Ծեծի է ենթարկվել Նիկոլ Փաշինյանի նախընտրական ենթաշտաբի պետ Պետրոս Մակեյանը


Հայաստան -- Նիկոլ Փաշինյանի վստահված անձ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը Երեւանի թիվ 1 հիվանդանոցում, 10-ը հունվարի, 2010թ.

Հայաստան -- Նիկոլ Փաշինյանի վստահված անձ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը Երեւանի թիվ 1 հիվանդանոցում, 10-ը հունվարի, 2010թ.

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղակայված թիվ 10/09 ընտրատեղամասի մոտ այսօր ծեծկռտուք է տեղի ունեցել, որի արդյունքում երեք հոգի՝ Նիկոլ Փաշինյանի նախընտրական ենթաշտաբի պետ Պետրոս Մակեյանը, նրա որդին՝ Կարեն Մակեյանը եւ տվյալ տեղամասում Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Սուրեն Մարտիրոսյանը վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել են հիվանդանոց, կոտրվել է Մակեյանի քիթը։ Բոլոր 3 տուժողները ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ եւ տեղափոխվել Երեւանի 1-ին հիվանդանոց։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տուժողները պնդեցին, որ իրենց ծեծի են ենթարկել «ինչ-որ սափրագլուխներ»։

«Ոստիկանությունը դուրս եկավ եւ փոխանակ սափրագլուխներին զսպի, բռնում էր մեր ձեռքերը, որ նրանք խփեն», - պատմեց Պետրոս Մակեյանը։

Պետրոս Մակեյանի պատմածը հաստատեց նաեւ թիվ 10/09 ընտրատեղամասում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Նարինե Վանյանը, ով հասցրել է հեռախոսով իրենց շտաբին փոխանցել Փաշինյանի ներկայացուցիչներին ծեծի ենթարկողների ավտոմեքենայի պետհամարանիշները։

Թիվ 10/09 ընտրատեղամասի նախագահը հրաժարվեց հարցերին պատասխանել, իսկ հանձնաժողովի քարտուղար Արթուր Խոջոյանը հայտարարեց, թե իրենք ոչնչից տեղյակ չեն, որովհետեւ միջադեպը դրսում է եղել։

Միջադեպի առնչությամբ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. - «Վիճաբանության ընթացքում Պետրոս եւ Կարեն Մակեյաններն ու Սուրեն Մարտիրոսյանը ծեծի են ենթարկել Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Արա Սիմոնյանի վստահված անձ Տիգրան Մուրադյանին»:

Ոստիկանության նույն այդ հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ Երեւանի թիվ 1 հիվանդանոց բուժօգնություն ստանալու համար դիմած Սուրեն Մարտիրոսյանի, Պետրոս Մակեյանի եւ Կարեն Մակեյանի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Գործի առնչությամբ հետաքննությունը վարում է ոստիկանության Մարաշի բաժանմունքը:

Կիրակի օրը Երեւանի թիվ 10 ընտրատարածքում անցկացվում են Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններ։ Անցկացվող քվեարկությանը պատգամավորական մանդատի համար պայքարում են Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանը եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը։

XS
SM
MD
LG