Մատչելիության հղումներ

Խոչընդոտվել է լրագրողների աշխատանքը




Թիվ 10/19 եւ 10/24 ընտրատեղամասային հանձնաժողովների նախագահները խոչընդոտել են Երեւանի թիվ 10 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրությունների ընթացքը լուսաբանող լրագրողների աշխատանքը։

Երեւանի թիվ 114 դպրոցում տեղակայված 10/19 ընտրատեղամասում կիրակի օրը ժամը 10։30-ի սահմաններում ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բաղդասարյանի հանձնարարությամբ ոստիկանները եւ անհայտ անձինք խոչընդոտել են ընտրությունները լուսաբանող լրագրողների, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի աշխատանքը։ Տեղի է ունեցել քաշքշուկ։ Հարված է ստացել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձինք փորձել են կոտրել «Ազատություն» ռադիոկայանի միկրոֆոնը։

Թեեւ լրագրողները սահմանված կարգով ներկայացրել էին իրենց լրագրողական վկայականները, տեղամասային հանձնաժողովի նախագահը նախ լրագրողներից պահանջել է անձնագիր ներկայացնել, թեեւ Ընտրական օրենսգրքով նման բան նախատեսված չէ։ Այդուհանդերձ, նույնիսկ անձնագիր ցույց տալուց հետո հանձնաժողովի նախագահը հրաժարվել է լրագրողներին թողնել ընտրատեղամաս՝ հայտարարելով, թե նրանք խանգարում են ընտրությունների ընթացքը։

Միջադեպի առնչությամբ արձանագրություն է կազմել ընտրատեղամասում դիտորդական առաքելություն իրականացնող «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության դիտորդը։

Նմանատիպ միջադեպ է գրանցվել նաեւ 10/24 ընտրատեղամասում, որտեղ հանձնաժողովի նախագահը փորձել է խոչընդոտել «Ժամանակ» օրաթերթի թղթակից Մարինե Խառատյանի աշխատանքը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Մարինե Խառատյանը հայտնեց, որ ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ստեփան Ադամյանը հրաժարվել է լրագրողին թույլ տալ մուտք գործել ընտրատարածք լրագրողի վկայականով եւ պահանջել է անձնագիր ներկայացրել։ Լրագրողը, հղում կատարելով Ընտրական օրենսգրքին, հրաժարվել է ներկայացնել անձնագիրը, ինչից հետո հանձնաժողովի նախագահը եւ անդամները փորձել են լրագրողին դուրս հանել տեղամասից: Այնուհետեւ, օրենքի համապատասխան կետին ծանոթանալուց հետո հանձնաժողովի նախագահը դադարեցրել է անօրինական պահանջները եւ լրագրողին թույլ է տվել անցնել իր մասնագիտական պարտականությունների կատարմանը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Տաթեւ Օհանյանը միջադեպերից հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վերահաստատեց, որ հանձնաժողովների նախագահների պահանջը հակասում է օրենքին։

Կիրակի օրը Երեւանի թիվ 10 ընտրատարածքում անցկացվում են Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններ։ Անցկացվող քվեարկությանը պատգամավորական մանդատի համար պայքարում են Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանը եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը։
XS
SM
MD
LG