Մատչելիության հղումներ

logo-print

Թիվ 10/19 ընտրատեղամասում խոչընդոտվել է լրագրողների աշխատանքը


Երեւանի թիվ 114 դպրոցում տեղակայված 10/19 ընտրատեղամասում այսօր ժամը 10։30-ի սահմաններում ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բաղդասարյանի հանձնարարությամբ ոստիկանները եւ անհայտ անձինք խոչընդոտել են ընտրությունները լուսաբանող լրագրողների, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի աշխատանքը։ Տեղի է ունեցել քաշքշուկ։

Թեեւ լրագրողները սահմանված կարգով ներկայացրել էին իրենց լրագրողական վկայականները, տեղամասային հանձնաժողովի նախագահը նախ լրագրողներից պահանջել է անձնագիր ներկայացնել՝ թեեւ Ընտրական օրենսգրքով նման բան նախատեսված չէ։ Այդուհանդերձ, նույնիսկ անձնագիր ցույց տալուց հետո հանձնաժողովի նախագահը հրաժարվել է լրագրողներին թողնել ընտրատեղամաս՝ հայտարարելով, թե նրանք խանգարում են ընտրությունների ընթացքը։

Միջադեպի առնչությամբ արձանագրություն է կազմել ընտրատեղամասում դիտորդական առաքելություն իրականացնող «Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության դիտորդը։

ԿԸՀ-ի մամուլի խոսնակ Տաթեւ Օհանյանը միջադեպից հետո «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հանձնաժողովի նախագահի պահանջը հակասում է օրենքին։

Այսօր Երեւանի թիվ 10 ընտրատարածքում անցկացվում են Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններ։ Անցկացվող քվեարկությանը պատգամավորական մանդատի համար պայքարում են Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանը եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG