Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանը համարում է, որ Փաշինյանն «արդեն հաղթել է»


Ընդդիմության հանրահավաքը Երեւանում, 8-ը հունվարի, 2010 թ.

Ընդդիմության հանրահավաքը Երեւանում, 8-ը հունվարի, 2010 թ.

Երեւանի կենտրոնում՝ Վարդան Մամիկոնյանի արձանի հարեւանությամբ, ուրբաթ օրը անցկացված հանրահավաքում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ընդդիմության կոչ արեց չվհատվել եւ հայտարարեց, թե դատելով հանրահավաքի մասնակիցների քանակից՝ «Նիկոլը արդեն հաղթած է»։

Ընդդիմության առաջնորդն իր ելույթում արձանագրեց «աննորմալ» այն փաստը, որ պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը ներկա չէ այն հարթակում, որտեղ տարվում է նրա նախընտրական քարոզչությունը։

Երեւանի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին անցկացվելիք Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններում ընդդիմադիր թեկնածու, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հուլիսի 1-ից գտնվում է անազատության մեջ՝ 2007-2008 թվականներին «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» եւ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» մեղադրանքներով:

Տեր-Պետրոսյան. Մռայլություն, տրտմություն, վհատություն չպետք է լինի մեր շարքերում ...
«Աննորմալ բան է տեղի ունենում, որը մեր երկրի այսօրվա դեմքն է։ Մենք հավաքվել ենք քարոզչական հանրահավաքի, եւ այդ քարոզչության սուբյեկտը այսօր այստեղ ներկա չէ», - դիմելով հավաքվածներին՝ ընդգծեց Հայաստանի առաջին նախագահ, հունվարի 10-ին կայանալիք Ազգային ժողովի լրացուցիչ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը սատարող Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ - «Նիկոլ Փաշինյանի իրավունքները խախտված են ի սկզբանե, այն պահին, երբ նա գրանցվեց պատգամավորության թեկնածու, նա պետք է ազատության մեջ լիներ։ Այսօրվա ընտրությունները, այսինքն, խախտված են հենց առաջին օրվանից նրա անազատության մեջ գտնվելու փաստով»։

Չնայած այն հանգամանքին, որ Փաշինյանը կալանավորված է՝ Երեւանի թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի սկզբին գրանցեց նրա թեկնածությունը։

Լեւոն Տեր-Պետրոսյանի կարծիքով, Փաշինյանը կարող էր կալանավորվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ։

«Այդպիսի համաձայնություն գոյություն չունի։ Բոլորը բավարարվել են նրանով, որ հանձնաժողովի նախագահը ասել է՝ քանի որ նա արդեն կալանավորված է, այդպիսի համաձայնության կարիքը չկա», - նշեց ընդդիմության առաջնորդը՝ «օրենքի կոպտագույն խախտում» համարելով պատգամավորության թեկնածուին անազատության մեջ պահելու հանգամանքը։

Այդուհանդերձ, Լեւոն Տեր-Պետրոսյանը ընդդիմության աջակիցներին կոչ արեց չվհատվել. - «Ես ուզում եմ, որ մեր պայքարը երբեք ջղային պայքար չլինի, երբեք նյարդային պայքար չլինի, լինի տոնական պայքար, երբեք մռայլություն, տրտմություն, վհատություն չպետք է լինի մեր շարքերում»։

Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունենում հանրահավաքում: 8-ը հունվարի, 2010թ.
Ընդդիմության առաջնորդը ՀԱԿ-ի գլխավորած շարժման «իրական հաղթանակ» որակեց այն փաստը, որ՝ «չնայած մարտի 1-ի գնդակահարություններին, չնայած հարյուրավոր մարդկանց ձերբակալություններին, չնայած ամենօրյա ահաբեկումներին», ժողովուրդը 2008 թվականի նախագահական ընտրություններից 2 տարի անց շարունակում է աջակցել իր գլխավորած շարժմանը։


Անդրադառնալով ընդդիմության առաջիկա ծրագրերին՝ Տեր-Պետրոսյանը խոստացավ. - «Մենք շուտով հավաքվելու ենք շատ ավելի հզոր, համապետական մի հանրահավաքում, դա տեղի է ունենալու մարտի 1-ին, որտեղ մենք ձեզ կներկայանանք ավելի հստակ, համակողմանի ծրագրով»։

Լեւոն Տեր-Պետրոսյանից առաջ ելույթներով հանդես եկան Հայ ազգային կոնգրեսին անդամակցող կուսակցությունների առաջնորդներ Ստեփան Դեմիրճյանը, Արամ Սարգսյանը, ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը, Փաշինյանի նախընտրական շտաբի պետ Դավիթ Մաթեւոսյանը, Փաշինյանի վստահված անձ Արամազդ Ղալամքարյանը, ով հանրահավաքին էր ներկայացել կալանավայրում Նիկոլ Փաշինյանի հետ տեսակցելուց հետո։

Ընդդիմության հանրահավաքը ավարտվեց երթով, որը անցնելով Երեւանի կենտրոնական փողոցներով՝ ավարտվեց Հյուսիսային պողոտայում։

Հունվարի 10-ին կայանալիք քվեարկությանը պատգամավորական մանդատի համար պայքարելու են Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանը եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը։

Թիվ 10 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորական մանդատը թափուր է մնացել խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի` մանդատը վայր դնելուց հետո։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG