Մատչելիության հղումներ

Ընդդիմության հանրահավաքը մեկնարկել է


Ընդդիմության հանրահավաքը Երեւանում 2009 թվականի սեպտեմբերին:

Ընդդիմության հանրահավաքը Երեւանում 2009 թվականի սեպտեմբերին:

Երեւանի կենտրոնում՝ Վարդան Մամիկոնյանի արձանի հարեւանությամբ, ժամը 15-ին մեկնարկել է Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը:

Հանրահավաքը, ինչպես պնդում են ընդդիմության ներկայացուցիչները, ոչ միայն կիրակի օրը թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի եզրափակիչ «հզոր ակորդն է», այլեւ կրում է համապետական բնույթ: Ակնկալվում է, որ հանրահավաքում ելույթ կունենա Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, նորանկախ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Իսկ այսօր առավոտյան ոստիկանության ներկայացուցիչները խոչընդոտել են հանրահավաքի իրազեկում իրականացնող ակտիվիստներին՝ պատճառաբանելով, թե նրանք խախտում են հասարակական անդորրը:

«Պարեկապահակային ծառայության գնդի Կենտրոնի վաշտի հրամանատար, կապիտան Կարապետյանը արգելել է իրազեկումը իրականացնել [ավտոմեքենաներից]», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի պետ Դավիթ Մաթեւոսյանը՝ հավելելով, որ, ի վերջո, որեւէ ավտոմեքենա տուգանային հրապարակ չի տեղափոխվել եւ ոստիկանության ներկայացուցիչների հետ պայմանավորել են նման կերպով իրազեկում չանցկացնել:

Ոստիկանության Երեւանի վարչության պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փաստարկեց. - «Տոն օր է, մարդիկ հանգստանում են, նախատոնական այդ թմբիրից նոր դուրս են գալիս»:

Կեսօրին իրավապահները փորձել են նաեւ արգելել մեքենաներից դուրս իրազեկումները, սակայն, ի վերջո, տեղի են տվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG