Մատչելիության հղումներ

Հունվարի 8-ը Երեւանի թիվ 10 ընտրատարածքում անցկացվելիք Ազգային ժողովի պատգավորի լրացուցիչ ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է:

Կիրակի օրը նախատեսված ընտրություններում գրանցված թեկնածուներն են Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը, «Ազգային միաբանություն» կուսակցությունից Արա Սիմոնյանը եւ ներկայումս անազատության մեջ գտնվող` «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

Դավիթ Հակոբյանը նախընտրական քարոզարշավ որպես այդպիսին չիրականացրեց` ի սկզբանե հայտարարելով, որ դրա կարիքը չկա. Հայաստանում բոլորն են իրեն ճանաչում:

Արա Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ քարոզարշավը կամփոփի սովորականի պես` բակային հանդիպումներով, կայցելի Նորք-Մարաշ համայնք եւ Կենտրոն համայնքի այն փողոցներ, որտեղ բնակիչներին դեռ չի հանդիպել:

Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը եզրափակվելու է հանրահավաքով ու երթով, որին մասնակցելու է նաեւ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հանրահավաքի եւ երթի իրազեկումը քաղաքապետարանը ի գիտություն է ընդունել, այսինքն` միջոցառումներն արտոնված են:

Փաշինյանի լիազոր ներկայացուցիչ Դավիթ Մաթեւոսյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ դեկտեմբերի 27-ի միջադեպից հետո, երբ Վարդանանց փողոցում ծեծի էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ երիտասարդները, քարոզարշավը խոչընդոտող անախորժություններ չեն եղել: Իսկ ինչ վերաբերում է միջադեպին, ապա, նրա փոխանցմամբ, ծեծի ենթարված երիտասարդները ճանաչվել են գործով տուժողներ. - «Դեկտեմբերի 30-ին ուղեգրեր են տրվել բոլոր տուժածներին, որոնք անցել են դատաբժշկական փորձաքննություն, նրանցից վերցվել են ցուցմունքներ, եւ ճանաչվել են որպես տուժող: Դրանով ավարտվել է նաեւ տարին»:

Ընդդիմությունը բազմիցս է բարձրաձայնել հօգուտ Արա Սիմոնյանի ընտրությունների կեղծման հավանականության մասին, մինչդեռ «Ազգային միաբանության» թեկնածուն հայտարարում է, որ ընտրություններում կեղծիքներ թույլ չի տա, իսկ իշխող կուսակցությունը իրեն չի սատարում:

«Ընտրությունները, կարծում եմ, կանցնեն շատ նորմալ, ջերմ, մարդկային մթնոլորտում: Թիմս մարդիկ են` ընկերներ, բարեկամներ եւ այլն, որոնք շրջապատում, ինձ շատ լավ ճանաչում են: Հանրապետականը ինքը հայտարարել է, որ ինձ չի աջակցում: Ես ընկեր ունեմ, որ «Ժառանգության» անդամ է, կարող է մի երկու ընկեր էլ լինեն, որոնք Հանրապետականի անդամ լինեն, բայց դա հո չի՞ նշանակում, որ Հանրապետական կուսակցությունը ինձ աջակցում է», - ընդգծեց պատգամավորության թեկնածուն:

«[Հայ ազգային] Կոնգրեսից ընկերներ ունե՞ք», - այս հարցին Արա Սիմոնյանը արձագանքեց. - «Կոնգրեսից չունեմ, ՀՀՇ-ից ունեմ, ինչ է եղել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG