Մատչելիության հղումներ

Հայաստանի հավաքականը Բուրսայում հաղթեց Թուրքիայի թիմին եւ գլխավորեց մրցաշարային աղյուսակը


Շախմատի աշխարհի թիմային առաջնության լոգոն

Շախմատի աշխարհի թիմային առաջնության լոգոն

Թուրքիայի Բուրսա քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի 2009 թվականի թիմային առաջնության երրորդ տուրում հինգշաբթի օրը Հայաստանի հավաքականը 3,5:0,5 հաշվով պարտության է մատնել տանտերերին եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Առաջնության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Արման Փաշիկյանը հաղթանակներ են տոնել, համապատասխանաբար, Յըլմազ Մուսթաֆայի, Ջան Էմրեի եւ Էշեն Բարիշի նկատմամբ, իսկ Հայաստանի թիմը գլխավորող Լեւոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Էրդուղդու Մերթի հետ:

Երրորդ տուրից հետո Հայաստանի թիմը 7,5 միավորով մրցաշարի միանձնյա առաջատարն է: 7-ական միավորով 2-5-րդ տեղերը կիսում են Ռուսաստանի, Իսրայելի, Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների հավաքականները:

Բուրսայում շախմատի աշխարհի թիմային չեմպիոնի տիտղոսի համար պայքարում են տասը երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բրազիլիայի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Հունաստանի, Իսրայելի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ ԱՄՆ-ի ազգային հավաքականները:

Մրցաշարն անցկացվում է 9 փուլով, հունվարի 13-ին տեղի կունենա վերջին տուրը եւ առաջնության փակման հանդիսավոր արարողությունը:

2009 թվականի հոկտեմբերի 14-ին Բուրսայի Աթաթուրքի անվան մարզադաշտում կայացել էր ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական փուլի Թուրքիա - Հայաստան հանդիպումը, որին ներկա էին երկու երկրների նախագահներ Աբդուլա Գյուլը եւ Սերժ Սարգսյանը: Ինչպես այդ, այնպես էլ նախորդ` 2008-ի սեպտեմբերի 6-ին Երեւանում կայացած հանդիպմանը, որին նույնպես ներկա էին երկու երկրների նախագահները, հայաստանցի ֆուտբոլիստները պարտվել էին 0:2 հաշվով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG