Մատչելիության հղումներ

Իրանի հեռուստատեսության պնդմամբ, բողոքի ցույցի ժամանակ զոհված երիտասարդ կինը օտարերկրյա գործակալ է


 Նեդա Աղա Սոլթան
Նեդա Աղա Սոլթան

Իրանի պետական հեռուստաընկերության եթերում հեռարձակվել է մի վավերագրական հաղորդում, որտեղ փորձ է արվում հիմնավորել այն պնդումը, թե նախորդ տարվա հունիսի 20-ին Թեհրանում բողոքի ցույցի ժամանակ սպանված եւ իրանցիների ընդվզման խորհրդանիշը դարձած 27-ամյա Նեդա Աղա Սոլթանի սպանությունը եւ հոգեվարքը, որը տեսանկարահանված է, կեղծ է, եւ նա իրականում սպանվել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Հունվարի 5-ին հեռարձակված հաղորդումը պնդում է, թե 27-ամյա Նեդա Աղա Սոլթան եղել է ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի գործակալը: Վավերագրական հաղորդման սցենարն ուղեկցվում է պաշտոնական մեկնաբանություններով, որոնք շարունակ կրկնում են, թե Նեդայի մահը «կասկածելի» է եւ նախապես պլանավորված Իրանի «թշնամիների» կողմից:

Իրան -- Կադր YouTube կայքում տեղադրված տեսանյութից, որը ցույց է տալիս հոգեւարք ապրող Նեդաին, 20-ը հունիսի, 2009
Հեռարձակված վավերագրական հաղորդման համաձայն՝ նկարահանված կադրերի ուշադիր ուսումնասիրման դեպքում պարզ է դառնում, որ Նեդան ձախ ձեռքում ինչ-որ բան է պահում, որից էլ արյուն է լցնում սեփական դեմքին: Վավերագիրը պնդում է, թե իրականում Նեդան սպանվել է դրանից հետո՝ իրեն հիվանդանոց տեղափոխող մեքենայում մեջքից մահացու հրազենային վնասվածք ստանալով:

Որպես կեղծարարաության մասնակիցներ՝ վավերագրության մեջ նշվում է գրող, ֆիզիկոս Արաշ Հեջազիի եւ Նեդայի երաժշտական ուսուցչի անունը, ովքեր նկարահանված տեսաերիզում փորձում են փրկել նրա կյանքը եւ ականատես են լինում նրա կյանքի վերջին րոպեներին:

«Ազատություն» ռադիոկայանի Իրանական ծառայության հետ զրույցում, սակայն, Հեջազին ասել է, որ Նեդային հիվանդանոց տեղափոխող մեքենայի մեջ ինքը առհասարակ չի եղել, իսկ վավերագրական հաղորդումը որակել՝ «ամոթալի»:

Երիտասարդ Նեդա Աղա-Սոլթանը՝ որպես բռնատիրության դեմ պայքարի խորհրդանիշ, բրիտանական հեղինակավոր The Times պարբերականի կողմից օրերս արժանացավ «տարվա մարդ» կոչմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG