Մատչելիության հղումներ

Երեւանի քաղաքապետարանը չի արտոնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների դեմ հունվարի 11-ին Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) կազմակերպած բողոքի ցույցի անցկացումը Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնին հարակից տարածքում՝ պատճառաբանելով, որ այդ տարածքում տոնական միջոցառումներ են նախատեսված։ Փոխարենը առաջարկվել է հանրահավաքն անցկացնել որեւէ այլ վայրում։ Դաշնակցությունն ընդունել է այս առաջարկը եւ հանրահավաքը կազմակերպել է Երեւանի Շահումյան հրապարակում։

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արտյուշա Շահբազյանը քաղաքապետարանի դիրքորոշման մեջ միտումնավորություն չի տեսնում։

«Եթե մեզ մերժվեր ընդհանրապես քաղաքի կենտրոնական վայրերը համապատասխան միջոցառումների անցկացման համար, կարելի էր դիտավորություն տեսնել։ Բայց ես այստեղ այդպիսի բան չեմ ուզում տեսնել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց դաշնակցական պատգամավորը՝ հավելելով. - «Շահումյան հրապարակը նման միոցառումների համար լավ վայր է»։

Հանրահավաքին մասնակցելու են այն 14 կուսակցությունները, որոնք միացել են Դաշնակցությանը՝ արձանագրությունների դեմ պայքարում։ Հանրահավաքից հետո նախատեսվում է երթ դեպի Սահմանադրական դատարան։

«Ըստ նախնական ծրագրվածի, մենք չենք նախատեսում մեծ հանրահավաքային միջոցառում։ Գլխավոր խնդիրը այն է, որպեսզի կարողանանք արագ շարժվել դեպի Սահմանադրական դատարան, որովհետեւ անհրաժեշտ է այնտեղ լինել մինչեւ աշխատանքային օրվա ավարտը եւ փոխանցել այն հայտարարությունը, որը կպարունակի մեր նկատառումները հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության վերաբերյալ», - տեղեկացրեց Արտյուշա Շահբազյանը։

Հունվարի 12-ին Սահմանադրական դատարանը պետք է վճիռ կայացնի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունների սահմանադրականության վերաբերյալ։

Սահմանադրական դատարանին ներկայացվելիք հայտարարության մեջ Դաշնակցությունը կրկին անգամ ներկայացնելու է կուսակցության դիրքորոշումը, որ հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանի համար անընդունելի նախապայմաններ է պարունակում, մասնավորապես, հայ-թուրքական սահմանի ճանաչման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացների առնչությամբ։

«Մեր գլխավոր պահանջն այն է, որ Սահմանադրական դատարանը հայ-թուրքական արձանագրությունները ճանաչի չհամապատասխանող Հայաստանի օրենսդրությանը», - դաշնակցական պատգամավորի մեկնաբանությամբ՝ սա է ՍԴ-ի նիստի նախօրեին հանրահավաքի եւ երթի անցկացման տրամաբանությունը։

Հունվարի 12-ին, երբ Սահմանադրական դատարանում սկսվի հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ քննարկումը, Դաշնակցությունը նաեւ նախատեսում է պիկետ անցկացնել դատարանի շենքի առջեւ։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը փոխանցեց իշխող կուսակցության դիրքորոշումը՝ «արձանագրությունները նախապայմաններ չեն պարունակում»։

«Հայաստանի իշխանությունները շատ հստակ եւ կոշտ դիրքորոշում ունեն, եւ թույլ չեն տա, որպեսզի որեւէ շեղում լինի արձանագրությունների կետերից։ Ավելին, մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի շարունակենք մեր ազգային քաղաքականությունը», - հայտարարեց Շարմազանովը։
XS
SM
MD
LG