Մատչելիության հղումներ

logo-print

«Ստրատֆոր». «2010-ը լինելու է հետխորհրդային տարածքում Ռուսաստանի դիրքերի հետագա ամրապնդման տարի»


«Հետխորհրդային տարածքում 2010 թվականը լինելու է Ռուսաստանի դիրքերի հետագա ամրապնդման տարի», - կանխատեսում են ամերիկյան «Ստրատֆոր» հետազոտական կենտրոնի վերլուծաբանները:

Ամերիկացի վերլուծաբանները նշում են, որ 2009-ին, քանի դեռ Միացյալ Նահանգների ուշադրությունը կենտրոնացած էր Իրաքի եւ Աֆղանստանի վրա, Ռուսաստանը կարողացավ հետխորդհային տարածքում մի շարք լուրջ հաջողություններ արձանագրել. - «Դա ակնհայտ էր հատկապես Ուկրաինայում, Վրաստանում եւ Ադրբեջանում»:

«Ստրատֆոր»-ի կանխատեսմամբ` «2010-ին Ռուսաստանը կանի հնարավորը այդ հաջողություններն ամրապնդելու եւ Միացյալ Նահանգների ազդեցության հետագա աճից իրեն ապահովագրելու համար»:

2010-ին, ըստ ամերիկացի վերլուծաբանների, ռուսական ազդեցության տարածման հիմնական լծակ է դառնալու Մաքսային միությունը, որում Ռուսաստանից բացի ընդգրկված են նաեւ Ղազախստանն ու Բելառուսը:

«Եռակողմ մաքսային համաձայնագրերը ուժի մեջ մտան հունվարի 1-ից: Չի բացառվում, որ այս տարվա ընթացքում Ռուսաստանը փորձի նաեւ Ուկրաինային, Հայաստանին, Տաջիկստանին եւ Ղրղըզստանին ներգրավել Մաքսային միության կազմում», - պնդում են հետազոտության հեղինակները:

Նրանց համոզմամբ` հետագայում Մաքսային միությունը կարող է այն հիմքը դառնալ, որն օգտագործելով` Ռուսաստանը կփորձի ջանքեր գործադրել արդեն նախկին խորհրդային հանրապետությունների քաղաքական միավորման հասնելու համար:

«Քիչ հավանական է, որ ռուսական նկրտումները լուրջ դիմադրության հանդիպեն վերը նշված պետությունների կողմից: Ավելին, գրեթե միանշանակ է, որ Ադրբեջանն ու Թուրքմենստանը եւս կվերադառնան նախկին ճամբար», - պնդում են «Ստրատֆոր»-ի մասնագետները:

Թեեւ 2010-ը Ռուսաստանի համար արտաքին ասպարեզում հաջողությունների տարի է լինելու, այնուհանդերձ, երկրի ներսում, «Ստրատֆոր»-ի պնդմամբ, բուռն զարգացումներ են սպասվում:

«2010-ին պատերազմը Կրեմլի տարբեր կլանների միջեւ կուժեղանա: Այն աղմկալի բնույթ կստանա եւ վտանգավոր ձեւով կարող է անդրադառնալ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ճակատագրի վրա: Միակ մարդը, որ կարող է զսպել այդ պատերազմը, Վլադիմիր Պուտինն է», - նշված է «Ստրատֆոր»-ի հրապարակած հետազոտության մեջ:

Ամերիկացի վերլուծաբանների կարծիքով` կլանային պատերազմի ընթացքում Ռուսաստանի վարչապետը ստիպված է լինելու ծանր ընտրություն առջեւ կանգնել` չեզոքացնե՞լ, թե՞ ոչ Կրեմլի վարչակազմի մի շարք կարեւորագույն ներկայացուցիչների:

«Մեծ է հավանականությունը, որ ահագնացող այս ալիքը չի շրջանցի նաեւ Անվտանգության դաշնային ծառայությունը, Զինված ուժերը եւ տնտեսության ռազմավարական հատվածները», - պնդում են զեկույցի հեղինակները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG