Մատչելիության հղումներ

Մեսրոպ Մովսեսյան. «Հնարավոր է, որ այս տարի «Ա1+»-ը բացվի»


«Հնարավոր է, որ այս տարի «Ա1+» հեռուստաընկերությունը բացվի` դա կախված է նրանից, թե ինչ քաղաքական զարգացումներ կորդեգրի Հայաստանն այս տարի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր Մեսրոպ Մովսեսյանը:

«Ճիշտ լուծումը կլինի բացելը, իհարկե, եթե Հայաստանն ուզում է ներկայանալ միջազգային հանրությանը որպես դեմոկրատական երկիր, դեմոկրատական ուղի որդեգրած երկիր: Սակայն պրակտիկան ցույց տվեց, որ կարելի է դերասանություն անել, ձեւական ցույց տալ դեմոկրատական զարգացում, բայց ապրել լրիվ միջնադարում, ինչպես եղավ սրանից 10, 11 տարի առաջ, երբ իշխանության եկավ Ռոբերտ Քոչարյանը», - ասաց Մովսեսյանը, ով այցելել էր «Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայան: «Բացելը, իհարկե, հնարավոր տարբերակ է, քանի որ, վերջիվերջո, կա Եվրոպական դատարանի որոշում, որ պետք է վերականգնվեն «Ա1+»-ի, իմ անձնական իրավունքները, իմ բիզնեսի վերականգնումը», - հավելեց նա:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի` արդյոք Եվրոպական դատարանի 2008 թվականի վճիռը ամբողջովին կատարվա՞ծ է այսօր, Մեսրոպ Մովսեսյանն ընդգծեց. - «Հաշվի առնելով դատական որոշմանը հաջորդած բազմաթիվ ելույթները՝ կարելի է ենթադրել, որ իրենց հետաքրքրում էր միայն ֆինանսական փոխհատուցման խնդիրը, որն էլ, համարեցին, որ կատարեցին եւ ազատվեցին դատական որոշման մյուս կետերը կատարելուց: Հիմնական պատճառներից մեկն էլ դա էր, որ ես դիմեցի Սահմանադրական դատարան՝ հիշեցնելով նրանց, որ կան ուրիշ խնդիրներ, որոնք լուծման են սպասում»:

Սահմանադրական դատարան «Ա1+»-ի հիմնադիր «Մելտեքս» ընկերությունը հայց է ներկայացրել, որով պահանջում է հակասահմանադրական ճանաչել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.28 հոդվածի առաջին մասը, որը, ըստ հայցվորի, թույլ չի տալիս Հայաստանի քաղաքացիներին օգտվել արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից, եւ որի հիման վրա Վճռաբեկ դատարանը վերջերս հրաժարվել էր կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջը «Ա1+»-ի վերաբերյալ: Հայցի քննությունը, սակայն, դատարանի որոշմամբ հետաձգվել է մինչեւ 2010 թվականի փետրվարի 23-ը: Սահմանադրական դատարանի այս որոշումը Մեսրոպ Մովսեսյանը կապում է ժամանակ ձգձգելու եւ Եվրախորհրդարանի նիստերի ժամանակացույցի հետ:

«Նիստից նիստ ընկած տարածքում են ցանկանում հետաձգելով ավելի հեռացնեն, որ մինչեւ նիստում քննարկվելը որեւէ լուծում գտնվի: Ենթադրում եմ, որ այսօր որեւէ լուծում դեռ չունեն, այդ պատճառով էլ հետաձգում են, սակայն լուծումը անհրաժեշտ է, եւ կարծում եմ` ճանապարհ չունեն, պետք է ռեալ մտածեն այդ խնդրի շուտափույթ լուծման վերաբերյալ: Սահմանադրական դատարանը փետրվարի 23-ին էլ գուցե դեռ վճիռ չկայացնի, բայց հետաձգելու պատրվակ անպայման կունենա», - նշեց Մովսեսյանը:

Գնահատելով անցած 2009 թվականը խոսքի ազատության տեսանկյունից՝ «Ա1+»-ի հիմնադիրը ափսոսանք հայտնեց, որ ոչ միայն առաջընթաց չի գրանցվել, այլեւ դրա հեռանկարներն էլ չեն նկատվում. - «Մենք այսօր կանգնած ենք Զիմբաբվեի կողքին, ես ցավում եմ, վիճակը լավացնելու առումով զարգացումներ եւս չեմ տեսնում եւ չեմ էլ ակնկալում, քանի որ իշխանությունը ձեռքից ձեռք փոխանցելը նշանակում է նույն քաղաքականությունը, նույն իրավիճակը տեղափոխել տարեցտարի, եւ այդ խնդիրը փակուղի է դուրս եկել: Չեմ կարծում, որ որեւէ մեկին դա մտահոգում է. նրանց ուղեղներն այսօր զբաղված են ավելի «լուրջ» խնդիրներով՝ իրենց փողերը տեղավորելով, իրենց ընտանիքներն ապահովելով»:

Մեսրոպ Մովսեսյանը հույս ունի, որ նոր սկսվող 2010 թվականը կդառնա մեկ գաղափարի շուրջ լրագրողների համախմբման տարի:
«Լրագրողական միասնություն ասելով՝ ես պատկերացնում եմ լրագրողական մի նոր սերունդ, որը համախմբվել է մեկ՝ ազատ մամուլի գաղափարի շուրջ: Չլինի ազատ մամուլ` մենք չենք ունենա երկիր, հանրապետություն եւ չենք ունենա ժողովուրդ», - եզրափակեց «Ա1+»-ի ղեկավարը:
XS
SM
MD
LG