Մատչելիության հղումներ

Աֆղանստանի խորհրդարանը մերժեց կառավարությունում նախագահի առաջադրած 24 թեկնածուներից 17-ին


Աֆղանստանի խորհրդարանը այսօր մերժել է կառավարությունում նախագահ Համիդ Քարզայի առաջադրած 24 թեկնածուներից 17-ին:

Մասնավորապես, օրենսդիրները մերժել են Իսմայիլ Խանին էներգետիկայի նախարար վերանշանակելու՝ Քարզայի առաջարկը, արդարադատության, առեւտրի, տնտեսության, առողջապահության նախարարների պաշտոններում նախագահի առաջադրած թեկնածությունները:

Խորհրդարանը հավանություն է տվել Աբդուլ Ռահիմ Վարդաքի վերանշանակմանը պաշտպանության նախարարի պաշտոնում:

Աֆղանստանի նախագահի խոսնակը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ափսոսանք է հայտնել խորհրդարանի քվեարկության արդյունքների կապակցությամբ՝ վստահեցնելով, որ մերժված թեկնածուների թվում կան բարձր որակավորում ունեցող փորձառու գործիչներ:

Օգոստոսին անցկացված վիճահարույց ընտրությունների արդյունքում վերընտրված նախագահ հռչակված Համիդ Քարզայը կառավարության նոր կազմը խորհրդարանի հաստատմանն էր ներկայացրել դեկտեմբերի 19-ին: Կառավարության անդամների հաստատման հարցով քվեարկությունը այսօր մոտ երկու ժամով ավելի է տեւել նախատեսվածից:

Արեւմուտքը Քարզայից պահանջում է հետեւողական պայքար մղել իր կառավարությունում առկա կոռուպցիայի դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG