Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 30-ի մամուլ


«Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն ասում է. - «Ամփոփելով անցյալ տարին՝ պետք է նախ նշել, որ այն շատ ծանր տարի էր մեր տնտեսության համար: Ինչ խոսք, իր ազդեցությունը թողեց համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, սակայն մեղմ ասած, բոլորովին համոզիչ չեն իշխանության տարբեր ներկայացուցիչների այն պնդումները, թե Հայաստանին հաջողվեց հաղթահարել ճգնաժամի հետեւանքները՝ մինիմալ կորուստներով: Դա ասվում է այն դեպքում, երբ Հայաստանը ստացավ 1 մլրդ դոլարից ավելի վարկեր՝ արձանագրելով 16-17 տոկոս տնտեսական անկում, որն ամենաբարձրն է ԱՊՀ երկրներում: Սակայն այսօրվա ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը, իհարկե, չի կարելի պայմանավորել միայն միջազգային ճգնաժամով: Քանի դեռ երկրում գործում է այս կրիմինալ-օլիգարխիկ համակարգը, ուղղակի ավելորդ է խոսել երկրի զարգացման մասին»: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ Դեմիրճյանը նշում է. - «Ակնհայտ է, որ 2010-ին կուժեղացվեն ճնշումները թե' Ղարաբաղյան հարցի եւ թե' հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Միանշանակ է, որ զարգացումները բարենպաստ չեն հայկական կողմի համար. «Մադրիդյան» սկզբունքները անընդունելի են: Բազմիցս ենք ասել, որ հայկական կողմի կոպիտ սխալն էր Լեռնային Ղարաբաղին փոխարինելը բանակցային գործընթացում: Հիմա խոսվում է այն մասին, եւ նույնիսկ համանախագահներն են ասում, որ ինչ-որ փուլում Ղարաբաղը անպայման կդառնա գործընթացի մասնակից: Սակայն կարեւորն այն է, որ Լեռնային Ղարաբաղը մասնակցի բանակցություններին սկզբունքների համաձայնեցման փուլում»: ՀԺԿ-ի նախագահը խոսել է նաեւ ներքաղաքական զարգացումների մասին՝ անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի գործունեությանը. - «Երբեւէ հանրահավաքները չդիտարկելով որպես ինքնանպատակ՝ նշեմ, որ հանրահավաքների դադարն էլ պետք է չափի մեջ լինի: Իմ մոտեցումը շատ պարզ եւ հստակ է՝ եթե կա պահանջ, իսկ պահանջ ես տեսնում եմ, որ կա, եւ եթե կա ասելիք, իսկ ասելիք ընդդիմությունը շատ ունի, եւ իշխանությունը անընդհատ նյութ է տալիս, ուրեմն հանրահավաքներ պետք է արվեն ու անպայման կարվեն»:

Ղարաբաղյան խնդրին է անդրադարձել նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը day.az էլեկտրոնային պարբերականին տված հարցազրույցում։ Մամեդյարովը հետեւյալ ամփոփումն է անում. - «2009-ը կարելի է բնութագրել որպես բանակցությունների ակտիվացման տարի։ Դրա մասին են վկայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կայացած վեց հանդիպումները։ Տարվա ընթացքում այս խնդրի հանդեպ բավական է մեծ է եղել նաեւ ուշադրությունը միջազգային հանրության կողմից։ Մասնավորապես, հուլիսի 10-ին Իտալիայի Ակվիլ քաղաքում համատեղ հայտարարություն է ընդունվել ԵԱՀԿ-ի համանախագահ երկրների ղեկավարների կողմից, դեկտեմբերի 1-ին նույն խնդրով համատեղ հայտարարությամբ են հանդես եկել նաեւ Ռուսաստանի, Ֆրանսիայի արտգործնախարարները եւ Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարը։ Միջազգային հանրությունը գիտակցում է այս հարցում ստատուս քվոյի պահպանման անթույլատրելիությունը։ Հակամարտության լուծման մեր դիրքորոշումը միանշանակ է. խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում` Ղարաբաղին ինքնավարության տրամադրման միջոցով։ Այսօր ողջ աշխարհն է ընդունում, որ Ղարաբաղյան հարցի միակ լուծումը կարող է բխել միայն այդ սկզբունքների կիրառումից»։ Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղին օգնություն հատկացնելու մասին Միացյալ Նահանգների կոնգրեսի որոշումը, ինչպես նաեւ Եվրախորհրդարանի` Ադրբեջանում խոսքի ազատության ոտնահարումների մասին ընդունած բանաձեւը, Մամեդյարովը նշում է. - «Միջազգային ասպարեզում Ադրբեջանի աճող հեղինակությունը աշխարհի որոշ ուժերի կողմից խանդով է ընդունվում, ինչն էլ հանգեցնում է մեր երկրի նկատմամբ երկակի ստանդարտների կիրառմանը։ Այդ փաստերը ես գնահատում եմ իբրեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հանդեպ անհարգալից վերաբերմունք»։ Ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, ապա, ըստ Մամեդյարովի, Ադրբեջանը «ժողովրդավարության մի շարք պարամետրերով գերազանցում է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ դրա սահմաններից դուրս գտնվող երկրներին»։

News.am. կայքը տեղեկացնում է, որ Ստամբուլի դատարաններից մեկը արդարացման վճիռ է կայացրել ստամբուլահայ հայտնի հրապարակախոս, քաղաքական գործիչ, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության համար մեղադրվողներին գովերգող երգչի եւ երգի բառերը գրողի նկատմամբ։ Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ 1 տարի եւ 5 ամսվա բանտարկության է դատապարտվել միայն Հաքան Օզթեքինը՝ հանցանքը եւ հանցագործին գովելու մեղադրանքով։ Նա տեսահոլովակ է պատրաստել այդ երգի հիման վրա եւ այն տեղադրել տարբեր կայքերում. - «Հրանտ Դինքին սպանողներին երգի միջոցով գովերգած Արիֆ Շիրինը եւ Իսմայիլ Թուրութը դատարանում հայտնել են, որ ոչ մի հանցանք չեն գործել, ոչ մի հետին նպատակ չեն ունեցել եւ նորմալ բանաստեղծություն են գրել ու երգել։ Դատարանը արդարացման վճիռ է կայացրել թե՛ երգի բառերը գրած Արիֆ Շիրինի, թե՛ երգը կատարողի նկատմամբ»։

Ըստ «Ռեգնում» տեղեկատվական կայքի, Ադրբեջանի բռնցամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Աղաջան Աբիեւը հայտարարել է, թե Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականը կարող է մասնակցել 2010 թվականին Ադրբեջանում կայանալիք աշխարհի առաջնությանը։ «Եթե նրանք ցանկանան մասնակցել, ապա ես ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Մենք կերաշխավորենք հայ մարզիկների անվտանգությունը», - ասել է Աղաջան Աբիեւը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG