Մատչելիության հղումներ

Ատոմային էներգիայի գործակալությունը հաղորդում է Իրան - Ղազախստան գաղտնի գործարքի մասին


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հեռուստատեսությամբ խոսում է իր երկրի միջուկային ծրագրի մասին, դեկտեմբեր, 2009
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հեռուստատեսությամբ խոսում է իր երկրի միջուկային ծրագրի մասին, դեկտեմբեր, 2009

Իրանը գաղտնի գործարքի է գնացել Ղազախստանի հետ` ուրան ձեռք բերելու համար: Այս մասին հաղորդում է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը` վկայակոչելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչների զեկույցը:

Ըստ 2-էջանոց զեկույցի` Ղազախստանի եւ Իրանի գաղտնի համաձայնագրով Իրանը 450 միլիոն դոլար է վճարում Ղազախստանին 1350 տոննա ուրան ստանալու համար: Այս համաձայնագրում ուրանի գինը բարձր է, որովհետեւ գործարքը գաղտնի է, եւ Իրանը պարտավորվել է գաղտնի պահել ստացված նյութերը:

Ղազախստանը շտապեց հերքել այդ տեղեկատվությունը: Մասնավորապես, երկրի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարել է, թե Ղազախստանը պահպանում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության բոլոր պահանջները, ու այդ ռեժիմից դուրս որեւէ գործարքի մասին խոսք լինել չի կարող:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը եւ միջուկային էներգետիկայի միջազգային կազմակերպությունը բանակցություններ են սկսել Ղազախստանի հետ` իրավիճակը պարզելու նպատակով:

Երեքշաբթի օրը Իրանը եւս մեկ անգամ մերժեց ուրանի հարստացման ծրագրերը վերահսկողության տակ պահելու` միջազգային հանրության առաջարկները: Իրանը հայտարարեց մերժման մասին այն ժամանակ, երբ հայտնի դարձավ Ղազախստանից ուրան ձեռք բերելու գաղտնի գործարքի մասին:

Հոկտեմբերին Միացյալ Նահանգները եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մյուս 4 մշտական անդամներ Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, ինչպես նաեւ Գերմանիան Իրանին ժամանակ էին տվել մինչեւ այս ուրբաթ ընդունելու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաջարկները` ուրանը հարստացնել Իրանի սահմաններից դուրս:

Պաշտոնական Թեհրանի կողմից միջազգային հանրության առաջարկների մերժումը հաջորդեց խիստ լարվածությանը, որ կա երկրի ներսում եւ Արեւմուտքի հետ հարաբերություններում:

Այս շաբաթ Միացյալ Նահանգները, Եվրոպան ու Ռուսաստանը խստորեն քննադատեցին Իրանի իշխանություններին ընդդիմության կողմնակիցներին դաժանորեն ճնշելու համար. իրավապահների հետ բախումներում սպանվել են շուրջ մեկ տասնյակ ցուցարարներ, մոտ 300 մարդ ձերբակալվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG