Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը դժգոհում է քննիչների անգործությունից


Հայաստան -- Հարձակման ենթարկված ընդդիմադիր պատանիները հիվանդանոցում, 27-ը դեկտեմբերի, 2009թ. (Լուսանկարը՝ A1plus.am-ի)

Հայաստան -- Հարձակման ենթարկված ընդդիմադիր պատանիները հիվանդանոցում, 27-ը դեկտեմբերի, 2009թ. (Լուսանկարը՝ A1plus.am-ի)

Դեկտեմբերի 27-ի երեկոյան Վարդանանց 5ա շենքի բակում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, թիվ 10 ընտրատարածքում գրանցված պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի ակտիվիստների վրա կատարված հարձակումից հետո ոստիկանությունը դեպքի վայրում տեղազննություն է կատարել միայն Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ահազանգից հետո՝ դեկտեմբերի 29-ին։

Փաշինյանի շտաբի ղեկավար Դավիթ Մաթեւոսյանի փոխանցմամբ, ՀԱԿ-ի ներկայացուցիչները, վերադառնալով Վարդանանց փողոց քարոզչությունը շարունակելու, դեպքի վայրում հայտնաբերել են տեղի ունեցած ծեծկռտուքի հետքերը՝ ՀԱԿ-ի ակտիվիստների ձեռքից խլված քարոզչական նյութերը եւ նույնիսկ այն խողովակը, որով Մաթեւոսյանի պնդմամբ, հարվածել են իրենց ակտիվիստներից մեկի գլխին։

«Մեր քարոզիչները կապվել էին ոստիկանություն, տեղյակ էին պահել այդ մասին, եւ սպասել էին այնքան, մինչեւ նրանց ներկայացուցիչները եկել եւ սկսել էին զննել դեպքի վայրը», - պատմեց Փաշինյանի շտաբի ղեկավարը՝ պնդելով, որ ոստիկանության աշխատակիցները մինչ այդ չէին կատարել օրենքով սահմանված քննչական գործողությունները։

Երկուշաբթի Ոստիկանության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել էին, որ միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։ Ոստիկանության հետաքննիչները երեկ այցելել էին Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակ, բացատրություններ վերցրել տուժածների մի մասից, եւ պայմանավորվել էին այսօր շարունակել բացատրություններ վերցնելու գործընթացը, ինչպես նաեւ ուղեգրեր տրամադրել տուժածներին՝ դատաբժշկական փորձագետի մոտ գնալու նպատակով։

Նախնական պայմանավորվածության համաձայն հետաքննիչները Հայ ազգային կոնգրեսում պետք է լինեին երեքշաբթի ժամը 13։00-ին, սակայն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց ՀԱԿ-ի իրավական աջակցության կենտրոնի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը, մինչեւ աշխատանքային օրվա վերջը հետաքննիչները չեն եկել։

«Աշխատանքային օրը ավարտվում է, այսինքն՝ այսօր այլեւս հնարավոր չէ դատաբժշկական փորձաքննությունների կենտրոն տուժողների գնալը։ Այդ պատճառով մենք հաղորդում ենք ներկայացնելու Կենտրոնի դատախազություն, որտեղ կնշենք, որ հետաքննիչների անգործության հետեւանքով անհապաղ կատարվող դատավարական գործողությունը մինչեւ հիմա չի կատարվել», - հայտարարեց Խաչատրյանը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG