Մատչելիության հղումներ

Կենտրոնական բանկի գնահատմամբ, 2009-ին ֆինանսական հատվածը հստակ դիմակայեց տնտեսական ճգնաժամի ազդեցությանը


Հայաստանի կենտրոնական բանկի շենքը Երեւանում
Հայաստանի կենտրոնական բանկի շենքը Երեւանում
Անցնող տարում Հայաստանի ֆինանսական հատվածը, Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանի հավաստիացմամբ, հստակ դիմակայեց տնտեսական ճգնաժամի ազդեցությանը։ «Հայաստանում ֆինանսական ճգնաճամ, որպես այդպիսին, բարեբախտաբար չեղավ», - լրագրողների հետ Կենտրոնական բանկում տեղի ունեցած հանդիպմանը երեքշաբթի հայտարարեց Գաբրիելյանը։ - «Կարող ենք ամփոփելով ասել, որ պատվով դուրս եկանք ճգնաժամից», - անցնող տարվա իր գնահատականը հնչեցրեց ԿԲ-ի փոխնախագահը։

Վաչե Գաբրիելյանը նշեց, թե չէր ցանկանա ներկայացնել այս ոլորտը բնութագրող գերվարդագույն պատկեր, այդուհանդերձ, տարվա ընթացքում ֆինանսական հատվածը ոչ թե խնդիրներ հարուցեց տնտեսության համար, այլ օգտակար եղավ տնտեսության վերականգնմանը։

«Առաջին կիսամյակում տեղի ունեցած խիստ նկատելի կրճատումից հետո, երկրորդ կիսամյակում ֆինանսական համակարգը կարողացավ ամբողջովին օգտագործել հմտությունները տնտեսության զարգացման համար, եւ դրա վառ գրավականներից մեկը այն է, որ գրեթե երկու անգամ մեծացվեցին նոր վարկերը, որոնք տրվել են տնտեսությանը», - մատնանշեց Կենտրոնական բանկի փոխնախագահը։

Խնդիրների թվում Վաչե Գաբրիելյանը նշեց տնտեսության դիվերսիֆիկացիայի եւ մրցակցությանը պակասը, եւ ստվերայնության մեծ տոկոսը։

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը եւս այն կարծիքին է, որ ֆինանսական հատվածը 2009-ին էական կորուստներ չի արձանագրել։ Օրերս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ԿԲ-ի նախկին նախագահը ասել էր. - «Այո, Հայաստանի ֆինանսական համակարգը, մասնավորապես, բանկային համակարգը, ըստ էության, որեւէ ցնցում չապրեց: Սակայն, ռիսկայնությունը համակարգում շարունակում է մնալ՝ հիմնականում պայմանավորված վարկային գործունեության հետ, ինչը այնքան էլ բանկային համակարգով չի պայմանավորված։ Պետք է ամբողջ տնտեսությունը ձգվի, զարգանա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG