Մատչելիության հղումներ

Տիգրան Դավթյան. «Մենք մինչեւ տարվա վերջ հասանք առանց մեծ կորուստների»


Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյան
Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյան

Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի բնորոշմամբ, ճգնաժամային այս տարում երկրի տնտեսությունը նման էր առանց անհրաժեշտ վառելիքի օդ բարձրացած ինքնաթիռի, որին ի վերջո հաջողվեց վայրէջք կատարել։

«Մեր տնտեսությունը ճգնաժամի պարագայում նման է մի ինքնաթիռի, որը մտել է տուրբուլենտության գոտի։ Անձնակազմը ավտոպիլոտը անջատում է եւ փորձում է ձեռքով այդ տուրբուլենտության գոտուց դուրս գալ», - երեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի տնտեսության փոխաբերական պատկերն ամբողջացրեց ֆինանսների նախարարը։ - «Կարծում եմ, մենք մինչեւ տարվա վերջ հասանք առանց մեծ կորուստների, եւ այնպես արեցինք, որ նույնիսկ ուղեւորները շատ անհանգստություն չունեցան, առանձնապես շատ չնկատվեց»։

Մինչ այժմ «ավտոպիլոտով ընթացող ինքնաթիռի»՝ Հայաստանի տնտեսության վայրէջքը, Տիգրան Դավթյանի կարծիքով հնարավոր եղավ ապահովել օդում վառելիքի լիցքավորման, այլ կերպ ասած՝ միջազգային վարկերի հաշվին։ «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որքա՞ն կարող է ինքնաթիռը թռչել վառելիքի պակասը օդում հատուցելով, ֆինանսների նախարարը արձագանքեց, թե այս տարվա վերալիցքավորումը արդարացված էր, արվեց բավականաչափ արագ եւ, համեմատաբար, լավ պայմաններով։

«Հաջորդ տարին լիցքավորումը լինելու է [բյուջեի] դեֆիցիտի մասը։ Այն շատ փոքր է լինելու, որովհետեւ, հաջորդ տարվա 935 միլիարդ դրամ ծախսից դրսի ռեսուրսը լինելու է ընդամենը 90 միլիարդ՝ մոտավորապես 10 տոկոս։ Կարծում եմ Հայաստանի համար, այն էլ՝ հետճգնաժամային տարում, դա նորմալ է», - եզրակացրեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG