Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 29-ի մամուլ


«Ազգ»-ի խմբագիրը բողոքում է ազգային ամանորյա վատ սովորությունից. - «Այսօր, երբ, Ամանորի սեմին, ամեն հայ մարդ իր գրպանի պարունակությունը մի քանի անգամ գերազանցող գումարներ է ծախսել (մի հարցրեք՝ որտեղից) տունն ու սառնարանը բերնեբերան լցնելու համար եւ պատրաստվում է ստամոքսը լցնել հիվանդանալու աստիճան, ժուժկալության մասին խոսելը գայլի գլխին ավետարան կարդալուն է նման: Մարդիկ գիտեմ, ովքեր վերջին շաբաթներին վատ էին սնվում, որպեսզի Նոր տարուն կուշտուկուռ ուտեն: Գիտեմ նաեւ մարդիկ, ովքեր առօրյա համադամներից հետո չգիտեն ինչով զարմացնել ոչ միայն սեփական ստամոքսը, այլեւ ուրիշներինը: Ժուժկալությունը, խնայողասիրությունը նման մարդկանց համար տարօրինակ գաղափար է միայն՝ հնարված նույնքան տարօրինակ մարդկանց կողմից՝ տարօրինակ, թերեւս հետին նպատակներով...»:

«Հայկական ժամանակ»-ի հոդվածագիրը գրում է. - «Ինձ համար, մեղմ ասած, մեծ հարց է` ով է Նոր տարուն ավելի երջանիկ լինելու` բանտում նստած ժպտադեմ Նիկո՞լը, թե՞ իշխանական նախընտրական հոլովակներում նկարահանվող ու կադրերից դուրս քրֆող մարդիկ: Ի վերջո չմոռանանք, որ մենք մեր երկրում ենք ապրում եւ այդ երկրի ներսում գիտակցաբար ընտրել ենք ազատ մարդ լինելու գոյության կերպը: Իսկ դա նշանակում է, որ մեզանից յուրաքանչյուրը, որքան էլ առաջին հայացքից համեստ թվա իր գործը, պատմություն է կերտում: Վաղվա ժամանակագրությունն ենք գրում: Դա ոչ դե ֆակտո նախագահն ու կառավարությունն են անում, ոչ այլ «պաշտոնատար» անձինք, ոչ էլ նույնիսկ առաջնորդները, այլ Հայաստանի` ազատությունն ընտրած հայտնի ու անհայտ քաղաքացիները: Ու այդ կարգավիճակով մտնում ենք նոր տասնամյակ»:

Lragir.am-ը գրում է. - «Երբ խոսք է գնում Հայաստանի ներկայիս վիճակի, խնդիրների, մարտահրավերների մասին, ապա շատ հաճախ նշվում է, որ դրա համար պատասխանատու է ոչ միայն ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը, այլ նաեւ նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, ովքեր նույնպես ընտրություն են կեղծել, ովքեր նույնպես սահմանափակել են քաղաքական ու քաղաքացիական ազատություններ, խոչընդոտել են խոսքի ազատությանը, քաղաքական դիրքերը պահելու հարցում ապավինել են ոչ թե հասարակությանը, այլ ուժային կառույցներին, եւ այլն, եւ այլն: Երբ այսօր բարձրացվում է պատասխանատվության խնդիրը, ապա որքան հիմնարար է ընդհանուրի պատասխանատվության հարցը, այդուհանդերձ, այն մեծ հաշվով գտնվում է արդեն տեսական հարթության վրա, եւ խնդիրը գործնական պատասխանատվությունն է, որը կրում է տվյալ ժամանակի նախագահը, ով Սահմանադրությամբ օժտված է Հայաստանում օրենքի եւ ժողովրդի իշխանություն ապահովելու լիազորությամբ: Ուրեմն, ներկայում, գործնական առումով, խոսքը կարող է գնալ Սերժ Սարգսյանի պատասխանատվության մասին: Խնդիրը ստեղծված իրավիճակն է, բայց դրանից ավելի մեծ խնդիր է այն փոխելը: Հետեւաբար ստեղծված իրավիճակի համար պատասխանատվության հարցից ավելի կարեւոր եւ կենսական է իրավիճակը փոխելու համար պատասխանատվության հարցը, որը միայն ու միայն տվյալ ժամանակահատվածի իշխանությանն է»:

«Հայաստանի Հանրապետություն»-ը տեղեկացնում է, որ Բարաք Օբամայի` ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը ստանձնելը դարձել է անցնող տարվա երկրորդ նշանակալից իրադարձությունը: «Պեկինում «Գլոբալ համաժողով - 2009»-ում նշվել են այս տարվա առավել նշանակալից տասն իրադարձությունները: Դրանց որոշմանը մասնակցել են չորս երկրների հեղինակավոր հրատարակություններ` Եգիպտոսի «Օկտոբր» հանդեսը, Հնդկաստանի «Տեխելկա» շաբաթահանդեսը, Չինաստանի «Գլոուբ մեգեզին»-ը եւ Ռուսաստանի «Կոմերսանտ»-ը: Գլխավոր իրադարձությունը համարվել է A/H1N1 նոր գրիպի հայտնվելը: Ըստ կարեւորության` երրորդ տեղն զբաղեցրել է միջազգային հանրակցության պայքարը սոմալիացի ծովահենների դեմ, չորրորդը` համաշխարհային ֆինանսական ճգնաժամը», - փոխանցում է թերթը:

Aysor.am-ը, հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, տեղեկացնում է, որ վրացական մասնավոր «Ջորջիան էյրուէյս» ավիաընկերությունը տեխնիկապես չի հասցնում դեկտեմբերի 29-ին եւ 30-ին իրականացնել ուղիղ չարտերային չվերթներ դեպի Մոսկվա եւ Սանկտ Պետերբուրգ: Այդ մասին հայտնել է ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նինո Գիորգոբիանին: Նրա խոսքերով, «քանի որ Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունից Թբիլիսիից Մոսկվա եւ Սանկտ Պետերբուրգ ուղիղ չարտերային չվերթներ կազմակերպելու թույլատվությունը եկել է միայն դեկտեմբերի 28-ին ժամը 19:00-ին, ապա ընկերությունն արդեն չի հասցնում կազմակերպել չվերթների իրականացումը»: «Նշված ուղղություններով չվերթները կազմակերպությունը իրականացնելու է 2010 թվականի հունվարի 6-ից 25-ը», - հայտնել է Գիորգոբիանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG