Մատչելիության հղումներ

logo-print

Կաշառք վերցնելու փաստով ձերբակալվել են բնապահպանության նախարարության երկու պաշտոնյաներ


Կաշառք վերցնելու փաստով երկուշաբթի օրը ձերբակալվել են Հայաստանի բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետ Տիգրան Գրիգորյանը եւ նրա տեղակալ Արսեն Պետրոսյանը:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, Արսեն Պետրոսյանը մի ընկերությունում կատարած ստուգման արդյունքում հայտնաբերված բնապահպանական խախտումներն ամբողջությամբ չարձանագրելու եւ կազմվող ակտի գումարի չափը մինչեւ 10 միլիոն դրամ (մոտ 26 հազար դոլար) նվազեցնելու համար պահանջել է 5 միլիոն դրամ կաշառք:

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում` երկուշաբթի օրը բնապահպանության նախարարության իր աշխատասենյակում կաշառք վերցնելու փաստով Արսեն Պետրոսյանը մերկացվել է: Նրա մոտ հայտնաբերվել է վերցված գումարից 1 միլիոն 210 հազար դրամը, իսկ մնացած 3 միլիոն 790 հազար դրամը Պետրոսյանը հասցրել էր փոխանցել Գրիգորյանին:

Միջոցառման ընթացքում, բացի վերցված կաշառքից, Պետրոսյանը իր գրպաններից ներկայացրել է նաեւ 2 միլիոն դրամ եւ հազար դոլար, իսկ Գրիգորյանը, բացի Պետրոսյանի տված գումարից, նույն պոլիէթիլենային փաթեթի մեջ ներկայացրել է 3 միլիոն 800 հազար դրամ, 15 հազար դոլար ու եւս 18 հազար դոլար:

Նախապատրաստված նյութերով գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 311 հոդվածի («Կաշառք ստանալը») 4-րդ մասով, որով սահմանված է 7-ից մինչեւ 12 տարվա ազատազրկում:
XS
SM
MD
LG