Մատչելիության հղումներ

Սասուն Միքայելյանը քաղաքացիական հիվանդանոցից տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ


Հետընտրական իրադարձությունների հետեւանքով անազատության մեջ գտնվող Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սասուն Միքայելյան

Հետընտրական իրադարձությունների հետեւանքով անազատության մեջ գտնվող Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սասուն Միքայելյան

Հետընտրական իրադարձությունների հետեւանքով անազատության մեջ գտնվող Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը երկուշաբթի «Արմենիա» բժշկական կենտրոնից տեղափոխվեց հետ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։

Սասուն Միքայելյանի տեղափոխումը կատարվեց իրավապահների եւ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուժեղացված հսկողությամբ։

Նախկին պատգամավորը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվեց «Արմենիա» բժշկական կենտրոնի մասնագետների համապատասխան եզրակացությունների հիման վրա։ Նրա առողջական վիճակի վերաբերյալ համապատասխան գրավոր եզրակացություններ են ներկայացրել քիթ-կոկորդային հիվանդությունների բժիշկը, սրտաբանը, նյարդաբանը եւ հոգեբույժը։

Միքայելյանի բուժող բժիշկ, Գլխի, պարանոցի եւ քիթ-կոկորդային օրգանների վիրաբուժության ամբիոնի վարիչ Ավետիք Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ հիվանդի ակտիվ վիրահատական շրջանն ավարտված է, հետվիրահատական շրջանում նրան պարբերաբար կբերեն Արմենիա բժշկական կենտրոն` պրոֆիլակտիկ միջոցառումներ իրականացնելու նպատակով։

«Վիրահատությունից անցել է ընդամենը 12 օր, եւ կարծում եմ մոտակա երկու-երեք շաբաթը դեռ մեր միջամտելու կարիքը կլինի», - նշեց բժիշկ Մինասյանը։

Միքայելյանը 24 օր մնաց «Արմենիա» բժշկական կենտրոնում։ Դատապարտյալների հիվանդանոցից նա այստեղ տեղափոխվեց դեկտեմբերի 4-ին` շնչառական ուղիների խնդիրների պատճառով։ Դեկտեմբերի 16-ին իրականացվեց շնչուղիների շրջանում միանգամից մի քանի վիրահատություն։ Ե՛վ վիրահատությունից առաջ, ե՛ւ հետո բժիշկն ահազանգում էր, որ հիվանդի սրտի վիճակն անհանգստացնող է, եւ ցանկալի է բուժումը շարունակել քաղաքացիական հիվանդանոցի մասնագիտացված բաժանմունքում։

Արդարադատության նախարարությունը առայժմ չի մեկնաբանում, արդյոք «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կա՞ն համապատասխան պայմանները Սասուն Միքայելյանի բուժումը շարունակելու համար։

Սասուն Միքայելյանին քաղաքացիական հիվանդանոցից քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու փաստի առնչությամբ այսօր հայտարարությամբ է հանդես եկել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը՝ դա որակելով վերին ատյաններից թելադրված քաղաքական որոշում։

«Եթե մենք գործ ունենայինք բանականություն ունեցող իշխանության հետ, որը շահագրգռված է լարվածության լիցքաթափմամբ, այդ քայլը [Միքայելյանին ազատ արձակելու] վաղուց ի վեր պետք է արած լինեին։ Սասուն Միքայելյանը ընդհանրապես չպետք է լիներ անազատության մեջ։ Նա բանտում է գտնվում շինծու գործով, նախագահականից պատվիրված դատավարության հետեւանքով», - երկուշաբթի «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը։
XS
SM
MD
LG