Մատչելիության հղումներ

Հմայակ Հովհաննիսյանը հանեց թեկնածությունը թիվ 10 ընտրատարածքում


Հմայակ Հովհաննիսյան

Հմայակ Հովհաննիսյան

Քաղաքագետների միության նախագահ, անկուսակցական Հմայակ Հովհաննիսյանը, ինչպես եւ խոստացել էր, երկուշաբթի օրը պաշտոնապես հանեց իր թեկնածությունը Երեւանի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին անցկացվելիք Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններում:

Հովհաննիսյանը ինքնաբացարկի վերաբերյալ դիմում ներկայացրեց թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սիլվա Մարկոսյանին եւ հանձնեց պատգամավորի թեկնածուի վկայականը:

«Իմ դիմումում ես հայտարարում եմ ինքնաբացարկ եւ դիմում եմ ընտրական հանձնաժողովի նախագահին պահանջով, որպեսզի իմ գրանցումը ուժը կորցրած ճանաչվի, եւ իմ ազգանունը չընդգրկվի քվեաթերթիկներում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հմայակ Հովհաննիսյանը:

Նա մեկ անգամ եւս հայտարարեց, որ իր թեկնածությունը հանում է թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության մեկ այլ թեկնածու` «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ներկայումս անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի օգտին, իսկ ինքնաբացարկի դիմումը սահմանված ժամկետից` դեկտեմբերի 31-ից մի քանի օր շուտ է ներկայացրել, որպեսզի հասցներ Փաշինյանի օգտին քարոզարշավ իրականացնել:

«Հանեցի ամսի 28-ին, որպեսզի գոնե փոքր-ինչ մեղմեմ այն ակնհայտ անարդարությունը, որ թեկնածուներից մեկը, կոնկրետ` Նիկոլ Փաշինյանը, ստիպված է անհավասար պայմաններում մրցակցել մյուս թեկնածուների հետ, քանզի նրա խափանման միջոցը չփոխվեց, եւ այսօր ընտրական գործընթացը տեղի է ունենում զուգահեռ դատավարությանը, որը պետք է, ըստ իս, ժամանակավորապես կասեցվեր, որպեսզի Նիկոլ Փաշինյանի խափանման միջոցը փոխվի, եւ նա հնարավորություն ունենար մյուս թեկնածուների հետ հավասար պայմաններում մասնակցել քարոզարշավին», - ասաց Հովհաննիսյանը:

Թիվ 10 ընտրատարածքը թափուր է մնացել Խաչատուր Սուքիասյանի` մանդատը վայր դնելուց հետո: Այժմ արդեն այդ մանդատի համար պայքարում են երեք թեկնածուներ` Նիկոլ Փաշինյանը, «Ազգային միաբանություն« կուսակցության անդամ Արա Սիմոնյանը եւ Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը:

«Ի սկզբանե ունեցել ենք յոթ առաջադրվածներ, առաջադրվածներից մեկը չի բերել գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, մնացած վեցից երեքը ինքնաբացարկի դիմում են գրել: Արդյունքում` հիմա ունենք երեք գրանցված թեկնածուներ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սիլվա Մարկոսյանը:
XS
SM
MD
LG