Մատչելիության հղումներ

Փաշինյանի շտաբի ներկայացուցիչները հարձակման են ենթարկվել


Հայաստան -- Հարձակման ենթարկված ընդդիմադիր երիտասարդները հիվանդանոցում, 27-ը դեկտեմբերի, 2009թ. (Լուսանկարը՝ A1plus.am-ի)

Հայաստան -- Հարձակման ենթարկված ընդդիմադիր երիտասարդները հիվանդանոցում, 27-ը դեկտեմբերի, 2009թ. (Լուսանկարը՝ A1plus.am-ի)

Կիրակի օրը ժամը 17:45-ի սահմաններում Երեւանի Վարդանանց փողոցում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, թիվ 10 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի շուրջ մեկեւկես տասնյակ երիտասարդներ, որոնք իրականացնում էին Փաշինյանի նախընտրական քարոզարշավը, հարձակման են ենթարկվել սպորտային կազմվածքով մոտ 25-30 երիտասարդների կողմից:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը, ով ներկա է եղել միջադեպին, հարձակվողները հայհոյում էին ու հարվածներ հասցնում 18-20 տարեկան պատանիներին, որոնց թվում կային աղջիկներ:

Պատանիներից 5-ը տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից 2-ի` Վահագն Գեւորգյանի եւ Սերգեյ Գասպարյանի վիճակը համեմատաբար ծանր է: Նրանք գտնվում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում:

«Արդեն որերորդ անգամ է` խանգարվում է ընտրական պրոցեսը Հայաստանում, այս անգամ` շատ բռի ձեւով», - ընդգծեց Վլադիմիր Կարապետյանը:

Նա կարծիք հայտնեց, որ «սա պետք է ամենախիստ գնահատականի արժանանա իշխանությունների կողմից եւ անմիջապես բացահայտվի». - «Մեղավորները պետք է պատժվեն, այլապես մենք կունենանք բոլոր հիմքերը` պնդելու, որ այս միջադեպը կազմակերպված է հենց իշխանությունների կողմից»:

Հարցին, թե ո՞վ կարող էր նման քայլի դիմել, Կարապետյանը արձագանքեց. - «Հնարավոր է, որ ամեն բան արվում է, որպեսզի խոչընդոտեն Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչությունը: Իշխանությունները անհավասար պայմաններ են ստեղծել քարոզչության համար` անազատության մեջ պահելով Նիկոլ Փաշինյանին, հիմա էլ, երբ տեսնում են, որ բավական ակտիվ կերպով անցկացնում է այդ քարոզչությունը, արվում է ամեն բան, որպեսզի անհնարին դառնան այս ընտրություններում Նիկոլ Փաշինյանի համար»:

Հայ ազգային կոնգրեսի Իրավական աջակցության կենտրոնի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը, իր հերթին, միջադեպի առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց. - «Հարձակումից հետո, երբ տեղափոխվեցին երիտասարդները հիվանդանոց, այցելել են արդեն ոստիկանները: Բացի հետաքննիչներից, ինչ-որ իմաստով նաեւ զարմանալի էր, որ երիտասարդներին այցելեց եւ գրավոր տեղեկություններ վերցրեց Կենտրոնի քրեական հետախուզության պետը. սովորաբար, մեզ մոտ ոստիկաններ կա'մ դժվարությամբ են գալիս, կա'մ գալիս են մեկ-երկու հետաքննիչ»:

«Օպերատիվ կերպով այս անգամ այցելեցին, վերցրեցին տվյալներ` ովքեր են մարմնական վնասվածք ստացել, դեպքը որտեղ է տեղի ունեցել` ինչ հանգամանքներում, ինչ պայմաններում: Հետաքննիչներին մենք տվեցինք հաղորդում կատարված հանցագործության մասին», - ասաց Արմեն Խաչատրյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG