Մատչելիության հղումներ

Փաշինյանը արդարացման դատավճիռ է ակնկալում «ժողովրդից»


«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյան

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյան

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 26-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում իր գործով դատական նիստում հանդես եկավ ճառով, որում հայտարարեց, թե արդարացման դատավճիռ է ակնկալում ոչ թե դատարանից, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացուց ու ժողովրդից։

Իր ճառում Նիկոլ Փաշինյանը հիմնականում վերլուծեց մեղադրող դատախազներ Կորյուն Փիլոյանի եւ Հարություն Հարությունյանի մեղադրական ճառը։ Պարբերություն առ պարբերություն հատվածներ ընթերցելով մեղադրողների ճառից՝ Փաշինյանը ընդգծում էր տեղ գտած իրավաբանական, տրամաբանական, եւ անգամ լեզվաբանական սխալներն ու եզրահանգում, որ մեղադրող կողմը անտեսել է գործում առկա փաստերը, հիմնվել է դատավարության ընթացքում չհետազոտված ապացույցների վրա։

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը մեղադրվում է 2007-2008 թվականներին «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» եւ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» մեջ։ Փաշինյանի գործով նախորդ՝ դեկտեմբերի 22-ին կայացած դատական նիստում մեղադրող կողմը պահանջեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրին 8 տարվա ազատազրկման դատապարտել։

Փաշինյան. Վերջին 2 ամիսների ընթացքում մենք այստեղ ոչ թե դատավարություն ենք իրականացրել, այլ զբաղված ենք եղել պետական միջոցների վատնումով եւ ժամավաճառությամբ ...
«Դատական նախորդ նիստի ժամանակ, երբ մեղադրողը կարդում էր իր ճառը, ես սկսեցի մտածել, որ վերջին 2 ամիսների ընթացքում մենք այստեղ ոչ թե դատավարություն ենք իրականացրել, այլ զբաղված ենք եղել պետական միջոցների վատնումով եւ ժամավաճառությամբ», - հայտարարեց Փաշինյանը՝ շեշտելով, թե մեղադրողները ուշադրություն չեն դարձրել դատավարության ընթացքում բերված փաստերին եւ ապացույցներին, այլ պարզապես՝ «ժամանակ են սպառել, մինչեւ իրենց մեղադրական ճառը արտասանելու պահը հասնի»։

Փաշինյանի խոսքով, մեղադրող կողմը իր ճառում հիմք է ընդունել այն վկաների ցուցմունքները, որոնք խնդրո առարկա իրադարձությունների հետ որեւէ առնչություն չեն ունեցել։ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի պնդմամբ, հիմք են ընդունվել այնպիսի փաստեր, որոնք դատարանում չեն հետազոտվել, չեն ապացուցվել։

«Մեղադրող կողմը իր ճառում հարց է հնչեցրել, թե ինչո՞ւ ընդդիմության լիդերները չէին գնում Լեո փողոց, կամ Պարոնյան փողոց։ Այսինքն, ասում էին՝ ուրիշներին ուղարկում էիք, ինչո՞ւ դուք չէիք գնում», - հիշեցրեց Փաշինյանը։ - «Եվ քանի որ մեղադրողները այս մասին խոսել են, ես էլ հակընդդեմ հարցը առաջ քաշեմ։ Ինչո՞ւ նույն տրամաբանությամբ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Հայկ Հարությունյանը, օլիգարխները անձամբ չէին գալիս մարտի 1-ի իրադարձությունների թատերաբեմ։ Ինչո՞ւ էին 19 տարեկան պատանիներին ուղարկում իրենց ծնողների, եղբայրների ու քույրերի դեմ, եւ հետեւներից էլ «Զարյաներով» պայթեցումներ իրականացնում այդ պատանիների նահանջի ճանապարհը փակելու համար»։

Փաշինյանը իր շուրջ 1 ժամ տեւած ճառը եզրափակեց խոսքերով, թե արդարացման դատավճիռ է ակնկալում։

Փաշինյան. Ես այնքան միամիտ չեմ, որ կարծեմ, որ Հայաստանի Հանրապետությունում այս քաղաքական գործով որեւէ դատարան կարող է արդարացման դատավճիռ կայացնել ...
«Ես այնքան միամիտ չեմ, որ կարծեմ, որ Հայաստանի Հանրապետությունում այս քաղաքական գործով որեւէ դատարան կարող է արդարացման դատավճիռ կայացնել։ Բայց ես, միեւնույն է, արդարացման դատավճիռ ակնկալում եմ, եւ այդ դատավճիռը ակնկալում եմ ոչ թե դատարանից, այլ, այդ դատավճիռը ակնկալում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացուց ու ժողովրդից»։

Նիկոլ Փաշինյանի շահերի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը, փաստեր ու դատարանում հետազոտված ապացույցներ հրապարակելով, հիմնավորում էին իրենց դիրքորոշումը՝ իրենց ելույթներում խուսափելով ընդհանրապես անդրադառնալ մեղադրական ճառին։

Փաշինյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը միայն բավարվեց ասելով. - «Մեղադրական ճառը, ըստ էության, չէր վերաբերում քրեական գործին, ուստի գտնում ենք, որ չարժե նույնիսկ պատասխանել դրան»։

Նիկոլ Փաշինյանի գործով դատավճիռը հայտնի կդառնա հաջորդ տարվա հունվարին։
XS
SM
MD
LG