Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանը «Օկուպացված տարածքների վերաբերյալ պետական ռազմավարություն» է մշակում


Թեմուր Յակոբաշվիլին ներկայացնում է կառավարության մշակած ռազմավարությունը, Թբիլիսի, 24-ը դեկտեմբերի, 2009

Թեմուր Յակոբաշվիլին ներկայացնում է կառավարության մշակած ռազմավարությունը, Թբիլիսի, 24-ը դեկտեմբերի, 2009

«Վրաստանը դեմ է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակչության մեկուսացմանը, եւ Վրաստանի քաղաքականությունը ուղղված է անջատողական տարածքների բնակչության հետ հարաբերությունների խթանմանն ու վերականգնմանը», - ասված է Վրաստանի կառավարության «Օկուպացված տարածքների վերաբերյալ պետական ռազմավարություն» վերնագրված նախագծում:

9-էջանոց փաստաթուղթը շրջանցում է Վրաստանից անջատված տարածաշրջանների կարգավիճակի հարցը, պատճառաբանելով, թե այդ մասին խոսակցությունը պետք է սկսվի «խաղաղ բանակցությունների ձեւաչափով դեօկուպացիայից» հետո եւ բռնի տեղահանված անձանց համատեքստում:

«Ռուսական բանակի ներկայության պայմաններում կարգավիճակի մասին խոսակցություն վարելը անբարոյական է», - հայտարարել է Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետնախարար Թեմուր Յակոբաշվիլին՝ հինգշաբթի երեկոյան խորհրդարական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով պետական ռազմավարության նախագիծը:

Փաստաթղթում խոսվում է Վրաստանի ինքնիշխանությունն եւ տարածքային ամբողջականությունը չխախտելու, չճանաչման քաղաքականության իրականացման, Ռուսաստանի կողմից բռնազավթման գործընթացը կանգնեցնելու անհրաժեշտության եւ այդ տարածքները օկուպացումից ամբողջովին ազատելու նպատակների մասին:

Նախագծում ընդգծվում է նաեւ, որ իր առջեւ դրած բոլոր նպատակներին Վրաստանը պատրաստվում է հասնել բացառապես խաղաղ եւ դիվանագիտական ճանապարհով եւ «բացառում է հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով»: «Եթե Ռուսաստանը չհարձակվի մեզ վրա, մենք չենք պատրաստվում նախահարձակ լինել», - հայտարարել է Յակոբաշվիլին:

Փաստաթուղթը նախատեսում է նաեւ գործնական եւ փոխշահավետ կապերի ակտիվացում տնտեսության, առեւտրի, ենթակառուցվածքների, տրանսպորտի, կրթության, առողջապահության, ժողովրդական դիվանագիտության, մշակութային արժեքների եւ ազգային ինքնության պահպանման, ինչպես նաեւ տեղեկատվության անարգել տարածման եւ մարդու իրավունքների բնագավառներում:

Անջատողական շրջանների իշխանություններն այս փաստաթղթում հիշատակվում են որպես «կառավարումը հսկողներ»: Այս կապակցությամբ Յակոբաշվիլին ասել է. - «Մենք չենք կարող նրանց հետ գործ ունենալիս կոչել նրանց նախագահ, նաեւ չենք կարող նրանց դիմել՝ հեյ, դու, խամաճիկ: Մենք պետք է լինենք կոռեկտ»:

Յակոբաշվիլին նաեւ հայտարարել է, որ կառավարության նիստի հաստատմանը ներկայացվելուց առաջ նախագիծը կարող է որոշակի փոփոխությունների ենթարկվել, այդ թվում եւ տերմինաբանության առումով, բայց նախագծի առանցքը փոփոխության ենթակա չէ:

Առաջիկա 6 ամիսների ընթացքում՝ ամենաուշը մինչեւ հաջորդ տարվա հունիսի 31-ը, կմշակվի նաեւ նպատակների իրականացմանն ուղղված «գործողությունների ծրագիր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG