Մատչելիության հղումներ

ԱԺ-ի պետաիրավական հանձնաժողովը ձեւավորել է «Մարտի 1»-ի հարցով աշխատանքային խումբ


Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը ձեւավորել է աշխատանքային խումբ, որը պետք է մշակի այն հիմնական սկզբունքները, որոնց համաձայն պետք է իրականացվի 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների ուսումնասիրման խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի առաջարկությունների կատարման մոնիտորինգը։

Պետաիրավական հանձնաժողովի ղեկավար Դավիթ Հարությունյան (ՀՀԿ)
Պետաիրավական հանձնաժողովի ղեկավար Դավիթ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ «Մարտի 1»-ի հանձնաժողովի եզրակացությունը պարունակում է ե՛ւ շատ կոնկրետ, ե՛ւ շատ ընդհանուր առաջարկներ, որոնց լուծումը անգամ 10 հանձնաժողովներ միասին չեն կարող ստանձնել։

«Այնպես որ, մենք պետք է փորձենք գտնել մշտադիտարկման այնպիսի եղանակներ, որոնք ի վերջո ունենան շոշափելի արդյունքներ», - նշեց Հարությունյանը։

Նույն հանձնաժողովի անդամ, Ազգային ժողովի «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսքով, դեռեւս հասկանալի չէ, թե ինչպե՞ս է կատարվելու դիտարկումը։

Ազգային ժողովի «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյան
«Ես հասկացա, որ սա ընդամենը իմիտացիոն բնույթի գործառույթ է այդ հանձնաժողովի իրականացնելու», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ կարծիք հայտնելով, որ այս հանձնաժողովը ոչ մի կոնկրետ խնդիր չի կարողանալու լուծել։
XS
SM
MD
LG