Մատչելիության հղումներ

logo-print

Դաշնակցությունը Սահմանադրական դատարանին ներկայացրել է հայ-թուրքական արձանագրությունների դեմ իր փաստարկները


ՀՅԴ-ի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյան

ՀՅԴ-ի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյան

Սահմանադրական դատարանի նախագահի հետ հանդիպմանը Հայ հեղափոխական դաշնակցության (ՀԴՅ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ներկայացրել է այն փաստարկները, որոնք, դաշնակցականների կարծիքով, հիմք են հանդիսանում հայ-թուրքական արձանագրությունները ոչ սահմանադրական ճանաչելու համար։ Ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը այս մասին տեղեկացրեց ՀՅԴ-ի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։

«Մենք քննարկում ենք բոլորի հետ նույն խնդիրը, մենք ներկայացնում ենք մեր մտահոգությունները։ Մենք պատրաստ ենք ոչ միայն հասարակությանն ասել, այլ նաեւ իրենց էլ համոզել, որ ճիշտ են մեր մտահոգությունները, եւ այդ մտահոգությունները շտկելու համար Սահմանադրական դատարանը ունի անելիք, ունի հիմքեր՝ ոչ սահմանադրական ճանաչելու այս արձանագրությունները», - մասնավորապես ասաց Ռուստամյանը։

Հունվարի 12-ին Սահմանադրական դատարանը պետք է վճիռ կայացնի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունների սահմանադրականության վերաբերյալ։

Հունվարի սկզբին Դաշնակցությունը պատրաստվում է երթեր, ցույցեր եւ զանգվածային այլ միջոցառումներ կազմակերպել, որոնք ուղղված են լինելու հայ-թուրքական արձանագրությունների դեմ։

Արձագանքելով ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի՝ օրերս արած հայտարարությանը, թե Դաշնակցության ներկայացուցիչներ Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանն ու Հրանտ Մարգարյանը գաղտնի հանդիպում են ունեցել Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ, ՀՅԴ-ի Գերագույն մարմնի ներկայացուցիչը նշեց, որ նշված անձանցից հանդիպմանը մասնակցել է միայն Վահան Հովհաննիսյանը, եւ հանդիպումը ամենեւին էլ գաղտնի չի եղել։

«Շատ նորմալ եմ համարում այդպիսի հանդիպումները, մենք դա չենք էլ թաքցնում։ Այդպիսի գաղտնի հանդիպո՞ւմ են ունենում։ Գաղտնի հանդիպումները տեղի են ունենում ոչ քաղաքական մարմիններում այլ բոլորովին այլ միջավայրում, ինչու ոչ՝ սաունաներում», - ասաց ՀՅԴ-ի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։
XS
SM
MD
LG