Մատչելիության հղումներ

«Մենք պատերազմ չենք ուզում, նոր զոհեր չենք ուզում, սակայն Ադրբեջանի բանակն ու հասարակությունը պարտավոր են ամեն րոպե պատրաստ լինել` ցանկացած միջոցով ազատագրելու մեր հողերը», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

Հինգշաբթի օրը Խիրդալան ավանում մասնակցելով Երկրորդ աշխարհամարտի եւ Ղարաբաղյան պատերազմի ադրբեջանցի վետերանների եւ զոհվածների ընտանիքների համար կառուցված բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությանը, Ալիեւը խոստացել է, որ պետությունը շարունակելու է օգնություն ցույց տալ վետերաններին, ասել է, որ Ադրբեջանը զարգացման աննախադեպ ընթացք է գրանցել, ապա անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը եւ հայերին «զավթիչ» է անվանել։

«Մենք մեծ ջանքեր ենք գործադրում հայ - ադրբեջանական հակամարտությունը կարգավորելու համար, ցանկանում ենք, որ այն լուծվի ամենամոտ ժամանակներում, սակայն դա պետք է տեղի ունենա միջազգային իրավունքի հիման վրա` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի, օկուպանտները պետք է հեռանան մեր հողերից, եւ մեր հայրենակիցները պետք է վերադառնան իրենց տները», - հայտարարել է Ադրբեջանի նախագահն ու հավելել, թե «2009 թվականը կարգավորման հարցում վճռորոշ չի եղել Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշման հետեւանքով»։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` Իլհամ Ալիեւը հերթական անգամ վստահեցրել է, թե Ադրբեջանը բոլոր առումներով առաջ է անցել Հայաստանից եւ տվյալ պահին Հարավային Կովկասի ամենահզոր պետությունն է, որը պետք է ստեղծի նաեւ ամենահզոր բանակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG